Բացել լրահոսը Փակել լրահոսը
20190628_122111
A A
Հասարակություն

Մանվել Գրիգորյանի մոտ սթրեսային խանգարում է առաջացել. փաստաբան

Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում: Կալանքի կրման ժամանակաշրջանում Մանվել Գրիգորյանի հիվանդությունները կրում են բացասական դինամիկա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց վերջինիս փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ ՊՆ նախկին փոխնախարարն այս պահին ունի 30-ից ավելի հիվանդություններ, նաև՝ հոգեբանական խնդիրներ: Այժմ նրա հետ աշխատում է հոգեթերապեւտը:

«Այժմ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հասել է այնպիսի մի աստիճանի, որ վերջինն ընդհանրապես չի կարողանում քայլել, այսինքն՝ անդամալույծի կարգավիճակ է ստացել, և սա տիպիկ խոշտանգման օրինակ է:Վերջինիս ուսումնասիրել է նաև հոգեթերապեւտը, և այդ հարթության վրա մոտ տասնյակից ավելի խնդիրներ է ախտորոշել, այդ թվում՝ սթրեսային խանգարում, անկայունություն, և էլ չբարձրաձայնեմ՝ գաղտնիք է պարունակում»:

Նման պայմաններում անձին կալանքի տակ պահելը փաստաբանը որակեց որպես հաշվեհարդար:

Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ առկա հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելիության մասին փաստում են ոչ միայն արտասահմանյան, այլև տեղի բժիշկները։

ՄԻԵԴ-ի՝ այս տարվա հունիսի 21-ի արդեն երկրորդ որոշումով՝ Մանվել Գրիգորյանը պիտի շարունակի բուժվել հիվանդանոցային պայմաններում: Սակայն մինչ այժմ նրան չեն տեղափոխել հիվանդանոց:

Ըստ փաստաբանի՝  իր պաշտպանյալին այժմ միտումնավոր են պահում կալանքի տակ:
«Եթե անմիջապես մեր պաշտպանյալի կալանքը չփոխարինվի ալտերնատիվ միջոցով, տեղեկացնում եմ, որ հաջորդ օրը եւեթ դիմելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կիրառելու հաջորդ անհապաղ միջոցառումը»,- հավելում է Մանվել Գրիգորյանի պաշտպանը:

Լևոն Բաղդասարյանը նաև նշում է՝ ՊՆ նախկին փոխնախարարին հրավիրել են ցուցմունք տալու, բայց վերջինս հրաժարվել է ներկայանալ:

«Օրեր առաջ մարտի 1-ի տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից արվեց հետևյալ հրապարակային ելույթը՝ վերջինս ասաց, որ  մարտի 1-ի քրգործերի նյութերում առկա է մի փաստաթուղթ, որով երևում է, որ Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցության է հրավիրում մարտի 1- հետ կապված  բոլոր շահագրգիռ անձանց, բայց Մանվելը Գրիգորյանը հրաժարվում է մասնակցել:  Ռոբերտ Քոչարյանն ասում  է՝ հեսա տեսեք՝ մայրիկը ինչպես եմ լացացնելու: Եթե դա այդպես է, ապա փաստեմ հետևյալը, որ «մայրիկ լացացնելը»  իրավական կատեգորիա չէ, և երկրորդ, եթե դա արվում է երկրի առաջին դեմքի անունից, դա արդեն այլ գնահատման խնդրիր է: Դրանով  երևում է, որ Մանվել Գրիգորյանը չի ներկայացել այդ խորհրդակցությանը՝ լավ հասկանալով, թե ինչ  գործողություններ պիտի լինի և լինելով այդ ըմբոստ տեսակը՝ ուղղակի չի գնացել: Ինչ վերաբերում է «մայրիկը լացացնելուն», ասեմ, որ թուրքը անգամ Մանվել Գրիգորյանի «մայրիկը չի կարողացել լացացնել»: Ե՛վ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահների դեպքում եղել են դեպքեր, որ այդ շրջանակում ցանկացել են այդ նախագահները «լացացնել վերջինիս մայրիկը», բայց ինչպես տեսնում եք, չի ստացվում»,- նշում է փաստաբանը, նաև հավելում. «Տուշոնկան հնարածին մեղադրանք է»: