Բացել լրահոսը Փակել լրահոսը
Hripsime
A A
Հասարակություն

Որո՞նք են Երեւանի առաջնային խնդիրները՝ ըստ ավագանու անդամների (տեսանյութ)

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը և «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Հովհաննիսյանն ամփոփում էին Երևանի ավագանու գործունեությունը՝ հոկտեմբերից սկսած։

Բոլոր երեք բանախոսները, որպես Երեւան քաղաքի առաջնային խնդիրներ, առանձնացրեցին աղբահանության և տրանսպորտի խնդիրները։ 

«Լույս» խմբակցության անդամը հիշեցրեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնը ստանձնելուց հետո խոստացավ երկու ամսում լուծել աղբահանության խնդիրը, սակայն արդեն անցել է 9 ամիս, և ոչ մի դրական տեղաշարժ չկա։

«Իմ քայլը» խմբակցությունից Լեւոն Հովհաննիսյանը աղբահանության հետ կապված հիմնական խնդիր է համարում այն, որ ոլորտում միայն մեկ ընկերություն է աշխատում։ Նրա խոսքով՝ այս պահին կա համայնքային կազմակերպություն, որը ունի 15 աղբատար մեքենա։

Բանախոսների խոսքով՝ անհրաժեշտ է առնվազն երկու ընկերության տրամադրել աղբահանության աշխատանքները, որպեսզի մրցակցային դաշտ ստեղծվի։

Ինչ վերաբերում է տրանսպորտային խնդրին, Թեհմինա Վարդանյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, քաղաքապետը լիազորությունները ստանձնելու օրն ասաց, որ 2 տարում կկարգավորվի տրանսպորտի հարցը։

«Անցել է 9 ամիս, մենք դեռ սպասում ենք այդ երկու տարվա մեկնարկին»։

Թեհմինա Վարդանյանը վատ միտում է տեսնում, որ 5 տարվա ծրագիր են ներկայացրել, բայց երբ հարց են տալիս՝ ինչ քայլեր են արվել, ասում են, որ 5 տարին դեռ չի լրացել։

Հռիփսիմե Առաքելյանն էլ հավելեց, որ այս 9 ամիսների ընթացքում տրանսպորտի վերաբերյալ միայն մեկ քննարկում է հրավիրվել, որի ընթացքում  խոսվել է նախկին քաղաքային իշխանության կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների փաթեթի մասին։