Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մալթան դրական է տրամադրված վիզայի ազատականացումն արագացնելու հարցում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան: Նա հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որից հետո նրանք համատեղ ասուլիսով հանդես եկան:

 Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրեց, որ գործընկերոջ հետ խոսել են վիզայի ազատականացման մեկնարկը արագացնելու շուրջ: Այդ հարցում Մալթան, ըստ Մնացականյանի, դրական է տրամադրված:

«Մենք պիտի արձանագրենք, որ առևտրային շրջանառությունը այդքան տպավորիչ չէ, բայց  միևնույն  ժամանակ, մենք կարողացանք ի հայտ բերել բազմաթիվ ոլորտներ, որտեղ մենք մեծ հետաքրքրություն ունենք՝ միասին աշխատելու համար»,- ասաց նախարարը:

Հայաստանը և Մալթան հույս ունեն, որ երկու երկրների միջև սեզոնային թռիչքներ կիրականացվեն: Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Իր հերթին Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան  իր այցը Հայաստան որակեց  որպես պատմական:

«Մեր՝ այստեղ գտնելու նպատակն է շարունակել խթանել մեր երկկողմանի հարաբերությունները շոշափելի կերպով, ոչ միայն քաղաքական քննարկումները, որոնք վերաբերում են Եվրամիությանը հետ հարաբերություններին, որոնք մեզ համար, որպես ԵՄ անդամ, կարևոր են: Մենք ակտիվորեն սատարում ենք Հայաստանին իր հավակնությունների մեջ՝ ավելի սերտորեն աշխատել ԵՄ-ի հետ մի շարք ուղղություններով: Եվ այն փաստը, որ մենք վավերացրել ենք Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը , շոշափելի ապացույց է մեր օժանդակության»,- ընդգծեց Կարմելո Աբելան :