Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մոլլերի հետ (տեսանյութ)

Հունիսի 25-ին Ժնևում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մոլլերի հետ:

Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի տարբեր կառույցների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և դրանց աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը, որը նպաստում է երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարության խթանմանը։  

Զոհրաբ Մնացականյանը և Մայքլ Մոլլերը մտքեր փոխանակեցին Կայուն զարգացման 2030 օրակարգում ներգրավված նպատակների իրականացման շուրջ։ Արտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը և հանձնառությունը Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանը՝ նշելով, որ ԿԶՆ ազգայնացման գործընթացն ուղեկցվում է Հայաստանի նոր կառավարության կողմից ձեռնարկված հավակնոտ բարեփոխումների ծրագրով։

Այս առնչությամբ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները։ Որպես կառավարության զարգացման օրակարգի առաջնահերություն՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծարար կրթության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանումը։ 

Երկուստեք կարևորվեց միջազգային և տարածաշրջանայի կազմակերպությունների ջանքերի համադրումը՝ միջազգային համագործակցության շրջանակներում ծավալվող նոր ուղղությունների հասցեագրման գործում, ինչպիսիք են՝ թվայնացումը, արհեստական բանականությունը և ռոբոտիզացումը։