Կորցրած ժամեր` Մարտունի - Երևան երթուղային տաքսիում
Աջակցիր «Ա1+»-ինՄոտ մեկ ամիս առաջ «Ա1+»-ը նյութ էր հրապարակել, որտեղ ներկայացվում էին Մարտունի-Երևան և հակառակ ուղղությամբ սպասարկող երթուղում առկա խնդիրները:
Նյութում ներկայացվում էր, որ երթուղու վարորդները երթևեկությունը սկսում են միայն այն ժամանակ, երբ առանց հենակների նստարանները ամբողջությամբ զբաղեցրած են լինում:
Մեկ ամիս անց «Ա1+»-ը փորձել է պարզել, արդյո՞ք խնդիրը լուծվել է, թե ոչ:
Պարզվում է, սայլը տեղից չի շարժվել:
Նկարահանող խումբը Մարտունի քաղաքի ավտոկայանում եղել է այսօր առավոտյան՝ 11:40-ից:
Դիսպետչերն առաջարկել է լրագրողին նստել արդեն իսկ բոլոր նստատեղերը զբաղված մեքենայի մեջ՝ ասելով «նստի ու կշարժվի», լրագրողը չի համաձայնել նստել առանց հենակի աթոռին, և նրան առաջարկել են սպասել հաջորդ մեքենային:
Հաջորդը ժամանել է մոտ 15 րոպե անց, սակայն կրկին սպասել են, մինչև 4 առանց հենակների աթոռները զբաղեցվեն, նոր շարժվեն:
Ուղևորների այն բողոքին՝ թե, արդեն մոտ 1:30 ժամ սպասում ենք, ինչո՞ւ չեք շարժվում, դիսպետչերն ու վարորդը պատասխանել են, որ շուտով կշարժվենք:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ «Ա1+»-ի հետ զրույցում և՛ Մարտունու համայնքապետը, և՛ երթուղին սպասարկող ընկերության տնօրենը հավատացրել էին երթուղում առկա խնդիրները կարճ ժամկետում լուծել:
Ստացվում է, որ սայլը տեղից ոչ թե չի շարժվում, այլ շարժվում է երբ «տաբուրետկաները» զբաղեցրած են լինում: