Բացել լրահոսը Փակել լրահոսը
24275
A A
Հասարակություն

Դիսպետչերին բողոքելը հաշիվ չէ. Մեջքդ  ջարդվում է՝  Մարտունու համայնքապետին  դիմիր

Առանց հենակի  ու փայտից աթոռներով. այսպես մոտ 130 կմ  ուղևորները կտրում են Երևանից Մարտունի կամ հակառակ ուղղությամբ երթևեկելիս:

Սոնան ուսանողուհի է։  5 տարի շարունակ օգտվում է այս երթուղուց։ Ասում է՝ մեքենաները չեն շարժվում, քանի դեռ առանց հենակի աթոռները զբաղեցված չեն։

Նա հաճախ նաև ժամերի հետ կապված  խնդրի առաջ է կանգնում:

«Երբ ժամը 16:00-ից հետո եմ ցանկանում գնալ Երեւան, արդեն մեքենա չի լինում, ստիպված հաջորդ օրը առավոտյան ուշացած եմ հասնում դասի»,-ասաց նա։

Երթուղայինի համար ամենածանրաբեռնված օրերը ուրբաթից մինչեւ երկուշաբթի են: Այդ օրերին ուսանողների հոսք է սկսվում մայրաքաղաքից դեպի մարզ եւ հակառակը։

Երթուղուց օգտվողներն ասում են՝ հաճախ լեզվակռիվ է սկսվում ուղեւորների եւ  դիսպետչերներին կամ վարորդների հետ, բայց արդյունք չի լինում։

«Գոնե երկու կոպեկ էլ մեզ մնա, դրա համար ենք աշխատում»,- որպես կանոն ասում են վարորդները։

Մարտունու համայնքապետ  Արմեն Ավետիսյանը զարմանում է. ասում է, որևէ բողոք չեն ստացել քաղաքացիներից, դեռ մի բան էլ՝ վարորդներ են բողոքել, որ ուղևորների պակաս ունեն:

Ասում է, որ չնայած ուղևորների թվի պակասին, միևնույն է, երթևեկությունը իրականացվել է:

«Հլը էդ բողոքողները մի անգամ գային. ես գնացող -գալացողներից անընդհատ հարցրել եմ, ասել են՝ նորմալա, ես բացարձակապես ոչ մի բողոք չեմ ստացել: Կարող է, մեկը գյուղերից գանգատվում է, որ չի գալիս իրա դռան դեմից վերցնի»,- ասում է համայնքապետը:

Երթուղին սպասարկում է «ԱՐՍՄԱՇ – ԱՎՏՈ» ՍՊԸ-ն։ Ընկերության տնօրեն Հովհաննես Գրիգորյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ այս պահին ունեն  Mercedes Sprinter մակնիշի 12 մեքենա։ Կան նաեւ պահեստային՝  մի քանի «Գազել» մակնիշի ավտոմեքենա: Նա նույնպես պնդում է՝ որ չի ստացել ոչ մի բողոք:  Եթե լիներ, վաղուց լուծված կլիներ։

«Մեքենաների մեջ թեժ գծի համարներ են կպցրած, որ  առաջին իսկ պրոբլեմի ժամանակ զանգեն»,- ասաց ընկերության տնօրենը և մեզ փոխանցեց, որ կապ կհաստատի դիսպետչերի հետ և հնարավորինս արագ կլուծի այդ խնդիրը:

Ինչ վերաբերում է երթուղու ժամային գրաֆիկին և՛ ընկերության տնօրենը, և՛ համայնքի ղեկավարն ասացին, որ ըստ չվացուցակի, Երևանից-Մարտունի ուղղությամբ վերջին մեքենան շարժվում է 18:00–ին, իսկ Մարտունի- Երևան ուղղությամբ՝ 17:30-ին:

«ԱՐՍՄԱՇ-ԱՎՏՈ»-ը երթուղին սպասարկելու մրցույթում հաղթել է երեք տարի առաջ։  Թույլտվության ժամկետը կլրանա մեկ տարի հետո:

 Ընկերությունը պատրաստվում է կրկին մասնակցել հայտարարվելիք տենդերին, և  տնօրենի փոխանցմամբ, այդ ժամանակ էլ պահեստային «Գազել»-ները կփոխարինվեն  նոր  մեքենաներով՝ ուղևորների համար ավելի հարմար և անվտանգ երթևեկություն ապահովելու համար: