Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դուք փորձում եք կռիվ գցել ընդդիմադիրների տունը. Սամսոնյանը՝ Միրզոյանին (տեսանյութ)

Խորհրդարանում քննարկվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հեղինակած նախագիծը՝ Ազգային ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ անել տնտեսական մրցակցության, պաշտպանության պետական հանձնաժողովում և հանրային ծառայությունները կարգավորող մարմիններում թեկնածուներ առաջադրելու գործընթացում:

Եթե հիմա այդ հանձնաժողովների թեկնածուներին առաջադրում է վարչապետը, հետո հաստատում է ԱԺ-ն, ապա Արարատ Միրզոյանն առաջարկում է թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը հերթականորեն վերապահել կառավարությանը (վարչապետի փոխարեն), ապա խորհրդարանի կառավարող և ընդդիմադիր խմբակցություններին՝ վարչապետի փոխարեն:

Խորհրդարանի նախագահի համոզմամբ՝ նախագծի նպատակը, խորհրդարանական կառավարմամբ պայմանավորված, Ազգային ժողովի դերի կտրուկ բարձրացումն է ինքնավար մարմինների ձևավորման հարցում, նաև ԱԺ-ի դերի բարձրացման շրջանակում առանձնապես ընդդիմադիր խմբակցությունների և կառավարող խմբակցության դերի հատուկ ընդգծումը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամոնյանին հետաքրքրում է՝ եթե մի օր ԱԺ-ում չլինի միայն 3 խմբակցություն, այլ լինի 6-ը, ինչպե՞ս է պատկերացնում Արարատ Միրզոյանը՝ 6 ընդդիմադիր խմբակցությունները գան համաձայնության և ինքնավար մարմնի համար ներկայացնեն 1 թեկնածու:

Արարատ Միրզոյանը պատկերացնում է դրա լուծումը հետևյալ կերպ:

«Ընդդիմադիր խմբակցությունները պիտի նստեն և պայմանավորվեն՝ այսինչ մարմնում առաջարկում ենք մեր թեկնածուին, այսինչում՝ ձերին»:

Արձագանքելով ԱԺ նախագահին՝ Անի Սամսոնյանն ասաց, որ վերահսկողության առումով խնդիրներ է ստեղծում ընդդիմադիրների համար:

«Մեկ միասնական թեկնածու ներկայացնելու դեպքում կլինի թեկնածու մեկ խմբակցությունից, իսկ մյուս խմբակցությունը միգուցե ընթացքում ունենա անվստահության խնդիր այդ թեկնածուի նկատմամբ: Եվ այս համատեքստում, Դուք փորձում եք կռիվ գցել ընդդիմադիր խմբակցությունների տունը, ինչը խնդրահարույց է»,- ասաց Անի Սամսոնյանը։