Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Քեմալականները հաղթեցին Ստամբուլում. հայ փորձագետը ընտրությունների մասին

Երեկ ընտրվեց Թուրքիայի ամենախոշոր քաղաքի՝ Ստամբուլի քաղաքապետը։ Հաղթեց նույն քաղաքի Բեյլիքդյուզու վարչական շրջանի նախկին ղեկավար, ընդդիմադիր  «Ազգ» դաշինքը ներկայացնող Թուրքիայի ամենահին Ժողովրդահանրապետական կուսակցությունից (հայտնի նաև որպես «Քեմալականներ») Էքրեմ Իմամօղլուն։ Նրա գլխավոր մրցակիցն էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ Բինալի Յըլդըրըմը։

Այս կապակցությամբ, «Ա1+»-ը զրուցեց թուրք-քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։ «Ա1+»-ը հետաքրքրվեց, թե Իմամօղլուի ընտրությունն ինչ դրական և բացասական կողմեր կարող է ունենալ Թուրքիայի հայազգի բնակչության և Հայաստանի հետ հարաբերություններում։

Ստամբուլի նշանակության վերաբերյալ

«Իրականում Թուրքիայում վճռորոշը հենց Ստամբուլի ընտրություններն են։ Անկախ այն բանից, թե Թուրքիայի ամբողջ տարածքում ինչ արդյունքներ են գրանցվում, Ստամբուլինն այլ է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ստամբուլի կարևորությունը, փորձագետի խոսքով, պայմանավորված է նրանով, որ այն Թուրքիայի տնտեսական, ֆինանսական, ռազմական գերհզոր շարժիչ ուժն է. «Հենց Ստամբուլի տնտեսական զարգացումով է որոշվում ամբողջ Թուրքիայի տնտեսության զարգացումը, ֆինանսական շարժը։ Մի խոսքով՝ Ստամբուլը պետություն է՝ պետության մեջ»։  Ստամբուլի աշխարհագրական դիրքը, Հովհաննիսկանի խոսքով, բերում է այն բանին, որ նրա կարևորությունն ավելի է մեծանում։

Փորձագետը, հիշատակելով Էրդողանի՝ «ով հաղթում է Ստամբուլում, հաղթում է Թուրքիայում» հայտնի խոսքը, նշեց, որ քեմալականները հնարավոր է մոտ ապագայում իշխանության գան Թուրքիայում։ 

«Մարտի 31-ին Ստամբուլի վարչական շրջանների ընտրություններից՝ 25-ում հաղթել էին իշխող կուսակցությունից, 14-ում՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունից։ Այսինքն՝ շրջանների ղեկավարների ընտրությունները պայմանավորված էին անձերով, իսկ քաղաքապետի ընտրություններում պարտվեց այն ուժը, որից բողոքում էին»,- հիշեցրեց Կարեն Հովհաննիսյանը։

Փորձագետի տեղեկություններով՝ Իմամօղլուն ծագումով Պոնտոսի իսլամացած հույն է

Հարցին, թե այս ընտրությունն ինչ դրական կամ բացասական ազդեցություն ունի Թուրքիայում բնակվող հայերի և Հայաստանի վրա, Հովհաննիսյանը պատասխանեց. «Որևէ էական փոփոխություն հայերի հետ կապված չի կարող լինել։ Ավելին, հնարավոր է, որ ինչ-որ չափով հայերի վրա բացասական ազդեցություն լինի. հայերի հողային սեփականության, գերեզմանների սեփականության և մի շարք այլ խնդիրների հետ կապված։ Իմամօղլուն, վերջիվերջո, չնայած ընդդիմադիր, բայց քեմալիստական ուղղություն ունեցող կուսակցությունից է»։

 

ԺԴԿ-ի և ԺՀԿ-ի միջև հարաբերությունների մասին

Ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, անդրադառնալով Ստամբուլի ընտրություններին, իր ՖԲ էջում գրել էր.  «Մեկ մարդու (Ռ.Թ. Էրդողան – հեղ.) իշխանությունն այլևս տապալված է: Այս գիշեր բոլորս միասին շուրջպար կբռնենք: Վաղը բոլորս ի գործ՝ միասնաբար կառուցելու ժողովրդավարություն»։

Անդրադառնալով Փայլանին՝ փորձագետն ասաց, որ բացի հայազգի պատգամավորից, ԺԴԿ-ի համար նույնպես կարևոր էր ժողովրդավարության հաղթանակը. «Այսինքն՝ նրանք ողջունում են ոչ թե այս կամ այն կուսակցության հաղթանակը, այլ՝ ժողովրդավարությունը։ Նույն կերպ է նաև Փայլանի կողմից՝ Հայոց ցեղասպանության հարցի բարձրացման պարագայում»։

Իսկ, թե ինչ հարաբերությունների մեջ են ԺԴԿ-ն  ու ԺՀԿ-ն, նա ասաց, որ դա պայմանավորված է քաղաքական-գաղափարական ընդհանրություններով ու շահերով. «Բավականին միասնական են իշխանության դեմ պայքարում։ Սակայն, այնպես չէ, որ ԺՀԿ-ն քննադատության չի ենթարկվել ԺԴԿ-ի կողմից»։

Փորձագետը նշեց, որ Փայլանը քեմալականներին նախկինում քննադատել էր Թուրքիայի արևելյան նահանգներում քրդերի հետ կապված, երբ բախումներ էին տեղի ունենում ու խորհրդարանում արտակարգ դրության վերաբերյալ որոշում ընդունվեց, որին քեմալականները կողմ էին քվեարկել, ինչն էլ կոշտ քննադատության էր արժանացել ԺԴԿ-ականների կողմից։

«Չնայած այն բանին, որ Իմամօղլուն Պոնտոսի հույն է, այնուամենայնիվ, կուսակցության քաղաքականությունը հիմնված է պահպանողականության վրա և նրանք քեմալական պահպանողականության գիծն են պահում»։ 

Էրդողանի արձագանքը

Ամերիկյան «Նյու Յորք Թայմս» պարբերականն անդրադառնալով ընտրություններին՝ նշել էր, որ Էրդողանը կրել է իր քաղաքական կարիերայի ամենամեծ պարտությունը։

Չնայած պարտությանը, Թուրքիայի նախագահն իր թվիթերյան էջում շնորհավորել էր ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչին` ցանկանալով, որ ընտրության արդյունքները բարիք բերեն Ստամբուլին, ինչպես նաև նշելով, որ ևս մեկ անգամ դրսևորվեց ազգային կամքը։

Իշխանությունների հետ քեմալականների գաղափարական հակասությունը պահպանողականության մեջ է, Էրդողանն իր ուղղվածությամբ ավելի ժամանակակից է։  

Եթե էրդողանի կուսակցությունից լիներ քաղաքապետը, Հովհաննիսյանի փոխանցմամբ, որոշակի հարցերում Թուրքիայի նախագահը կարող էր զիջողական լինել աշխարհի առջև ազգային ու կրոնական փոքրամասնությունների հարցով ժողովրդավար երևալու համար, իսկ հիմա ձեռքերն արձակված են, ինքը կապ չունի Ստամբուլի հետ, և քաղաքապետը կարող է վարել այնպիսի քաղաքականություն, ինչպիսին, որ ցանկանում է։