Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայկական պատվիրակությունը որևէ բան չէր կարող անել. քաղաքագետ՝ Վրաստանի դեպքերի մասին (տեսանյութ)

Նախօրեին Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր ժողովի աշխատանքը  տապալվեց։

Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի, լքել է դահլիճը՝ պատճառաբանելով, որ չի ուզում լսել ՌԴ-ին, իսկ վրաց ցուցարարները շրջափակել են խորհրդարանի շենքը՝ պահանջելով դադարեցնել ՌԴ պատվիրակության մասնակցությունը։

Հայ պատգամավորների պատվիրակությունը (Ալեն Սիմոնյան, Արփի Դավոյան, Հովհաննես Հովհաննիսյան («Իմ քայլը» խմբակցություն), Իվետա Տոնոյան («Բարգավաճ Հայաստան») նույնպես մասնակցում էր վեհաժողովին, սակայն իրավիճակից ելնելով՝ վերադարձել է Հայաստան։

Միջադեպի կապակցությամբ «Ա1+»-ի հետ զրույցում Կովկասյան ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ասաց, որ Վրաստանում իշխող կուսակցությունն անուշադիր է եղել, ու միջոցառումը պատշաճ չի կազմակերպել։

«Հասկանալի է, որ Ռուսաստանը և Վրաստանը վատ հարաբերություններ ունեն, այդ ռեգլամենտները հաշվի չէին առել։ Դա ուղղակի շատ ցածր պլանավորման արդյունք է»,- նշեց նա՝ հավելելով, որ Վրաստանում իշխող ուժը կտրվել է հասարակության հետ կապից։

Նշեց նաև, որ երեկվա միջադեպի ժամանակ հայկական պատվիրակությունը որևէ բան չէր կարող անել։

Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարների միջև հանդիպման վերաբերյալ Ջոն Բոլթոնի կատարած գրառմանը՝ կապված տարածաշրջանում խաղաղության կարգավորմանը, որում վերջինս հղում չէր արել Մինսկի խմբի համանախագահությանը՝ Միքայելյանն ասաց, որ դա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործելաոճն է.

«Նրանք ընդհանրապես եղած պայմանավորվածություններն այդքան էլ հաշվի չեն առել։ Նրանք ավելի շատ մտածում են Ամերիկայի գործերի մասին»։

Խոսելով բուն հանդիպման մասին՝ քաղաքագետն ընդգծեց, որ այս հանդիպումն առանձին որևէ բան չի որոշում, իսկ գործընթացում ընդհանուր առմամբ էապես որևէ բան չի փոխվել՝ սկսած 1992 թվականից. «Հայաստանում իշխանություն է փոխվել, բայց Ադրբեջանում և Հայաստանում այդքան մեծ փոփոխություններ չեղան, որպեսզի ռազմավարական փոփոխություն լինի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում