Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Պետության կողմից աջակցություն չունի. հաշմանդամ նկարիչն անօգնական վիճակում է (տեսանյութ)

Նկարիչ Գագիկ Խանդամիրյանը երկար ժամանակ է՝ Ախթալայում, ընկերոջ տրամադրած կացարանում է բնակվում: Հայրական տունը թեև Ալավերդիում է, բայց այնտեղ վերադառնալ չի կարող: Բնակարանը 4-րդ հարկում է, ինքը հենաշարժողական խնդիրներ ունի, ուստի անվասայլակով տուն բարձրանալն անհնար է:

Աշխատավայրն էլ Ախթալայի եկեղեցամերձ տարածքն է: Շրջակա բնությունն ու մարդկանց է նկարում՝ գործերը նվիրում զբոսաշրջիկներին: Աշխատանքների համար երբեմն նաև վճարում են.

«Այսօրվա դրությամբ՝ ես սրանով իմ հացի փողն եմ աշխատում: Ես չեմ վաճառում, տուրիստին նվեր եմ տալիս: Տուրիստը գնահատում է, թե 1000 դրամ կտա՞, թե՝ 2000 դրամ: Կարող է ասել շնորհակալություն ու գնալ՝ չեմ ափսոսում»:

Նկարչի հաշմանդամության պատճառը 4 տարեկանում պոլիոմելիտով հիվանդանալն է:
Անձնագիր միայն վերջին տարիներին է ստացել: 2003-ին Խարկովի գեղարվեստի պետական ակադեմիան ավարտել, վերադարձել է Հայաստան ու պարզել՝ փաստորեն, ծառայությունից էր փախել. պետության կարծիքն էր:
«Եթե 4 տարեկանում հիվանդ էի՝ ոնց էի փախչելու ծառայությունից, չհասկացա: Վերջը ճանաչեցին, որ իրոք հաշմանդամ եմ, ծառայությունից չեմ փախել՝ անձնագիրս տվեցին»,- նշում է Գագիկ Խանդամիրյանը:
Նույնիսկ անձնագիր տրամադրելուց հետո հաշմանդամության մասին փաստող որևէ թուղթ ձեռք բերել չի կարողացել, ուստի պետության կողմից աջակցություն ևս չունի: Տարիներ առաջ դիմել է պատկան մարմիններին՝ անօգուտ:
Ախթալայում բնակվելու տարիներին էլ համայնքապետարան երբևէ չի դիմել: Ասում է՝ համայնքապետարան ինքնուրույն հասնել չի կարող, իսկ տաքսիով գնալու համար գումար չունի:

Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանը, տեղեկանալով խնդրի մասին, նշում է՝ Գագիկ Խանդամիրյանի փոխարեն կարող է դիմել նրա կողմից լիազորված որևէ անձ՝ իրավիճակը ներկայացնելու համար: Միայն դրանից հետո կորոշեն, թե ինչպես աջակցել նրան.
«Խնդիր չկա, թող մի հատ ինքը դիմի՝ հետո մնացածն արդեն քննարկենք, հասկանանք՝ ինչով կարող ենք աջակցել: Հարցը նրա մեջ է, որ մեզ չեն դիմել, տեղյակ չենք»,- ասում է Ախթալայի համայնքապետը:

Տեսանյութը՝ Ankyun gumarats 3-ի