Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ոստիկանական զորքերի հրամանատար Վահե Ղազարյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հոգևոր այրեր և այլք ՀՀ Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում են։ Նրանք մասնակցում են Ոստիկանության զորքերի 27-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։

Պաշտոնյաները շրջեցին զորքերի գլխավոր վարչության տարածքում բացված ուսումնական կետերով, որտեղ նրանց էր ներկայացվում Ոստիկանության սպառազինությունը։ Շարահրապարակում շարված Ոստիկանության զորքերը և բարձրաստիճան պաշտոնյաները ողջունեցին միմյանց։ Փաշինյանը շարահրապարակում շարված զորքերին շնորհավորեց Ոստիկանության զորքերի 27-ամյա տարելիցի առիթով։

Իր ելույթում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ընդգծեց ոստիկանական զորքերի աշխատանքի գրանցած հաջողությունները՝ հանուն պետության և քաղաքացու, 90-ական թվականներին Արցախյան ազատամարտում և հանցավորության դեմ պայքարում։

«Այսօր էլ արդեն մեկ տարի է՝ Ոստիկանության զորքերի զինծառայողները մարտական հերթապահության են կանգնում ՀՀ սահմաններին՝ հավաստելով, որ արժանի ժառանգորդն ենք 90-ականների սերունդների, հավաստելով, որ պետական սահմանն անխախտ է լինելու, իսկ հանցամիտը երկրի ներսում չի կարողանալու ոտնձգել քաղաքացու իրավունքի ու հավատարմության դեմ»,- շեշտեց Օսիպյանը։ 

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ գրեթե մեկ տարի ՈԶ-ն մարտական հերթապահություն է իրականացնում հայ-արդբեջանական սահմանին՝ պահպանելով ՀՀ և ԱՀ քաղաքացիների անվտանգությունը՝ աջակցելով բանակին։ Նա շնորհակալություն հայտնեց ոստիկանության զորքերի այն ծառայողներին, որոնք կամավոր կերպով նվիրվել են հայրենիքի սահմանների պաշտպանությանը։

«ՀՀ արտաքին սահմանների պաշտպանության գործին ներգրավվելը, այդ որոշումը արտահայտում է մեր պատկերացումը ՀՀ ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգության հարցում։ Արտահայտում է պատկերացումն այն բանի վերաբերյալ, որ ՀՀ արտաքին անվտանգության պաշտպանության գործում ՀՀ քաղաքացիները, հայ ժողովուրդը պետք է լինեն միասնական և միահամուռ»,- շեշտեց նա։

Ելույթներից հետո պարգևատրվեցին ոստիկանության մի խումբ պաշտոնյաներ։   

 
Հեռարձակումը՝ Factor tv-ի