Բացել լրահոսը Փակել լրահոսը
64843089_2339244073000899_4728396149763866624_n (1)
A A
Հասարակություն

Չպետք է վեթթինգը հասկանանք մորթել, ջարդել, փշրել. ԲԴԽ անդամի թեկնածու (տեսանյութ)

Աժ-ում ԲԴԽ անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանին հարց ուղղելով՝ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Լուսինե Բադալյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է պատկերացնում վեթթինգի իրականացումը և այդ առումով անհանգստություններ ունի՞, թե՞ ոչ՝ հաշվի առնելով մամուլի հրապարակումները, թե վեթթինգը կաթվածահար կարող է անել պետության արդարադատական համակարգը:

Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ այդ առումով որոշ անհանգստություններ ունի, սակայն վստահ է, որ ամեն ինչ անցնելու է շատ հարթ, քանի որ կա կամք և ցանկություն:

«Ես ինտերնետում փորձեցի գտնել, թե վեթթինգը ինչ է, հավատացեք՝ ոչ մի նորմալ բան չեմ տեսել։ Միայն Արգետինայի օրինակը գտա, որը հաջողությամբ էր ավարտվել: Իմ կարծիքով՝ կարևոր է, թե պետությունը ինչ հիմք և գործիքակազմ կդնի վեթթինգի հիմքում:Մեզ պետք չի կառչել տերմինից, ես դա կկոչեմ դատական համակարգի առողջացում»:

Թեկնածուն ավելացրեց, որ վեթթինգը չպետք է նպատակ ունենա մաքրել դատական համակարգը դատավորներից , այսինքն՝ ստիպել դատավորներին հրաժարական տալ,այլ  առաջնային նպատակը պետք է լինի թոթափել կոռուպցիոն երևույթները. «Չպետք է վեթթինգը հասկանանք մորթել, ջարդել, փշրել»:

Պատգամավորը  հետաքրքրվեց  նաև՝ քանի որ վեթթինգը մասնագիտական արդարության ստուգման գործընթաց է ներկայացնում, և եթե ստուգման ընթացում պարզվի,  որ մի շարք դատավորներ արդար չեն գործել, կարո՞ղ են  բացել այդ գործերը, թե դա երկար ժամանակ կպահանջի:

Գրիգոր Բեքմեզյանը պատասխանեց, որ ցավալի հարց է հասարակության շրջանում, քանի հասարակության 90 տոկոսը գտնում է, որ իր հանդեպ կայացվել է ոչ արդար դատական ակտ, և այն պետք է վերաբացվի:

«Եթե դատական գործերը բացվեն  ու նոր քննություններ իրականացվեն, դրա տակից ուղղակի դուրս չենք գա, քանի որ այն շատ ծանր բեռ է, քանի որ եղած դատական գործերի հետ մեկտեղ՝ մենք պետք է քննենք տարիների ընթացքում կայացված  դատական գործերից  մեծ մասը։ Սակայն շատ գործերի դեպքում  ապացույցներ չեն պահպանվել»,- ասաց նա: