Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Շուտով Հայաստանում կբացվի ոսկու աֆինաժի գործարան. Արթուր Ջավադյան (տեսանյութ)

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն Ազգային ժողովում ներկայացնում է 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: Զեկույցի ներկայացումից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին հետաքրքրեց, թե քայլեր արվո՞ւմ են տարիներ առաջ (2004թ.) ԿԲ տնօրինվող ոսկու պաշարների իրացումը վերականգնելու համար:

ԿԲ նախագահը նախ հիշեցրեց, որ խոսքը 1,6 % բանկային ոսկու պաշարների մասին է: «Մենք արդեն երկու տարի աշխատում ենք շվեյցարական հեղինակավոր ընկերության հետ, արդեն իսկ վերջին ակորդներն են, ու շուտով Հայաստանում կբացվի ոսկու աֆինաժի գործարան, որտեղ կարտադրվեն բանկային ոսկու ձուլակտորներ։ Մեր ոսկի արտադրողները հնարավորություն կունենան ոսկին հանձնել այդ գործարանին և արդյունքում ստանալ բանկային ձուլակտորներ կամ ուղղակի վաճառել գործարանին:Մենք էլ հնարավորություն կունենանք հայկական դրամով ոսկի գնել շուկայից». - պարզաբանեց ԿԲ նախագահը:

Արթուր Ջավադյանի խոսքով՝ գործարանի տեղն արդեն ընտրված է: Գործընկերների պահանջով՝ Կենտրոնական բանկը, ըստ Ջավադյանի՝ կլինի բաժնետեր, 6-7 % կպատկանի ԿԲ-ին: Կենտրոնական բանկը սրանով նախատեսում է վերականգնել որոշակի ծավալի ոսկու պաշար: