Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130446
A A
Տնտեսություն

Նոր վարկային ծրագրեր են նախատեսվում իրականացնել. Ատոմ Ջանջուղազյան

Ֆինանսների նախարարությունը նախատեսում է իրականացնել  նոր վարկային ծրագրեր: Այսօր ԱԺ-ում Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Մենք ընդհանրապես այն տրամաբանությամբ ենք առաջնորդվում, որ ոչ թե պետք է մտածել հարկային միջոցներն օգտագործելով՝վարկերը մարելու մասին,  այլ ընդհակառակը՝ պետք է մտածել, որպեսզի մեր ներգրավված փոխառու միջոցները եւ դրանց սպասարկումը, մեր տնտեսության այնպիսի աճ ունենանք, որ իրենց տեսակարար կշռով եւ իրենց ազդեցության չափով նվազագույնի հասցվի։ Այսինքն՝ մենք ոչ թե սահմանափակելու ենք նոր վարկ, նոր փոխառու միջոցները ներգրավվելու հնարավորությունը, այլ ուղղակի ձգտելու ենք, որպեսզի դրա կառավարելիության աստիճանը բարձրանա, եւ դա մեզանից մեծ ջանք չպահանջի»,-ասաց ֆինանսների նախարարը:

Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց նաեւ, որ  2018թ.-ին հաջողվել է պահպանել մակրոկայունությունը, հարկաբյուջետային ու ֆինանսական համակարգի կայունությունը: Նախարարի խոսքով՝ արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ:

«Լա՞վ է սա, թե վա՞տ: Կանխատեսված էր 4,5 տոկոս տնտեսական աճ: Կանխատեսումներն իրականացնելիս ենթադրվում էր, որ տնտեսական աճը կլինի 2,5 տոկոսից 5 տոկոսի շրջանում: Համաշխարհային տնտեսության աճը եղել է 3,6 տոկոս, ԵՄ երկրները աճել են 2,1 տոկոսով, ԵԱՏՄ երկրները՝ 2,5 տոկոսով»,- նշեց պարոն Ջանջուղազյանը: