Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Երևան քաղաքի «Կենտրոն և Նորք-Մարաշ» ընդհանուր իրավասության դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հետաձգվեց ԵԿՄ նախկին նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Նազիկ Ամիրյանը ներկա էր նիստին, Մանվել Գրիգորյանը ներկա չէր։ Վերջինս «Նաիրի» բժշկական կենտրոնում է։

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն այսօր դատարան գրություն էր ուղարկել։ Ըստ այդ գրության`պահանջվում էր ներկայացնել հստակ թիվ, թե որքան է կազմում գեներալ-լեյտենանտի կողմից պետությանը պատճառված վնասի չափը և արդյոք Ակնալճի տարածքը, որը Գրիգորյանը ցանկանում է նվիրաբերել պետությանը, կալանքի տակ է, թե ոչ:

Դատարանի որոշմամբ՝ այս միջնորդությունը կքննարկվի մեկ այլ դատական նիստի ընթացքում, երբ ներկա լինի ամբաստանյալը:

Մեղադրող կողմը միջնորդություն ներկայացրեց դատարանին Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաքննչական փորձաքննություն հետևյալ հարցերով՝ ինչ հիվանդություններով է տառապում Գրիգորյանը, դրանց ծանության աստիճանների համապատասխանությունը պատիժը կրելուն խանգարող ծանր հիվանդությունների հետ, հաշվի առնելով տվյալ հիվանդությունները՝ պարզել, թե հնարավոր է ամբաստանյալի առողջական վիճակի վերաբերյալ պատշաճ վերահսկողություն իրականացնել ՔԿՀ-ում, թե ոչ։

«Մարդն ուղղակի չի կարողանում տեղաշարժվել, ՄԻԵԴ-ի տիրույթում է խոշտանգման փաստով»,- ասաց Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Լևոն Բաղդասարյանը՝ առարկելով մեղադրող կողմի միջնորդության դեմ, ինչպես նաև նշեց, որ իր պաշտպանյալը ներկա չէ նիստին և իրավաչափ չէ այն քննել։ Մյուս փաստաբանները նույնպես միացան փաստաբանի առարկությանը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ նիստը ենթակա է հետաձգման, քանի որ ԵԿՄ նախկին նախագահը ներկա չէ, ինչպես նաև նշեց, որ միջնորդության վերաբերյալ կարծիք պետք է վերջինս նույնպես հայտնի։

Նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց հունիսի 25-ին ժամը 12։00-ին։

Տեսանյութը՝ Factor tv-ի