Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հայրս բանվոր մարդ է, դատախազների առաջխաղացման ցուցակից մարդը ինձ հետ կապ չունի. Վահե Գրիգորյան (տեսանյութ)

ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի ելույթից հետո նրան հարցերով դիմեցին ԱԺ պատգամավորները: Նրանից ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը մի քանի հարց ուղղեց Վահե Գրիգորյանին՝ կապված նրա կենսագրության հետ:

Նա նշեց,  որ Վահե Գրիգորյանի կենսագրությունն ուսումնասիրելուց մի հետաքրքիր փաստի է հանդիպել, այն է, որ Վահե Գրիգորյանը 1997 թվականից սկսել է աշխատել Արցախի զինվորական դատախազությունում՝ որպես հատուկ բաժնի պետի օգնական, այնուհետև քննիչ, դատախազի օգնական, բայց նույն կենսագրությունում նաև գրված է , որ 1997-1999 թվականը զորակոչվել է զինվորական ծառայության։ Պատգամավորը նշեց, որ ուզում է հասկանալ՝ ինչքանով են այս երկուսը համատեղելի:

«Եվ  առհասարակ 1999 թվականին, առանց  որևէ կոռուպցիոն կամ հովանավորչական միջամտության, հնարավո՞ր էր արդյոք սա: Ես մի քիչ էլ հեռու գնացի, փորձեցի նշանակման փաստաթղթեր գտնել ու հանդիպեցի մի փաստաթղթի՝ 1999 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված դատախազների պաշտոնեական պիտանելիության փաստաթուղթ- ցուցակ, հետաքրքվեցի, պարզվեց՝ դա հենց առաջխաղացման ցուցակն է։ Այսինքն՝ 1999 թվականին Դուք արդեն նաև առաջխաղացում ունեցաք: Եվ այստեղ մի ուշագրավ բան էլ կար, այս ցուցակում, Ձեր անունից երկու համար վերև, կարծես Միշա Գրիգորյան, եթե չեմ սխալվում, Ձեր հայրն է։ Արդյո՞ք Ձեր հոր՝ այս համակարգում լինելը նաև օգնել է Ձեր այս բացառիկ ձեռքբերումներին: Հասկանանք, որովհետև նոր Հայաստանում մենք անընդհատ խոսում ենք կոռուպցիայի և հովանավորչության  դեմ պայքարի մասին և կցանկանայինք, որ ՍԴ-ում ընդգրկվող նոր անդամը երբևէ առնչություն չունենար նման սխեմաների հետ»,- հարցրեց Գևորգ Գորգիսյանը:

Ի պատասխան՝ Վահե Գրիգորյանն ասաց, որ իր հայրն, իհարկե, մասնակցություն ունի իր բոլոր հաջողությունների մեջ, առաջին հերթին, որ իր հայրն է, որովհետև իր հայրն է իրեն դաստիարակել: Նա նշեց՝ իր հայրը բանվոր մարդ է եղել, մայրն էլ հաշվապահ է՝ սովորական ծառայող է:

« Իմ մասնագիտական հաջողությունները ես ձեռք եմ բերել իմ վաստակով և իմ աշխատանքով, բայց ես դրանց համար ամբողջությամբ պարտական եմ առաջնահերթությամբ հորս և հետո՝ մորս: Այդ Միշա Գրիգորյանը իմ հետ կապ չունի»,- ասաց Վահե Գրիգորյանը, ինչից հետո դահլիճում պատգամավորները սկսեցին ծիծաղել:

Ինչ վերաբերում է իր՝ զինվորական ծառայության ընթացքում զինվորական դատախազության բարձրաստիճան սպա լինելուն, Վահե Գրիգորյանն ասաց, որ այն ոչ միայն համատեղելի է, այլ դա եղել է հենց իր զինվորական ծառայությունը:

«1997 թվականին, երբ մենք ավարտել ենք ԵՊՀ-ն, մեր ֆակուլտետից առաջին զորակոչն է  եղել, որ մենք սպաներ չենք եղել: Ես շարքային եմ զորակոչվել բանակ և մեր կուրսից ութ համակուրսեցիների, մեր ընտրությամբ, ուղարկել են ԼՂՀ ծառայության՝ Մատաղիսի զորամասում: Այնտեղ  երկար ծառայելուց հետո, Սամվել Բաբայանի հրամանով, բոլոր իրավաբական բարձրագույն կրթություն ունեցող անձանց,  ովքեր եղել են շարքային անձնակազմում, նշանակել են դատախազության բարձր պաշտոնների՝ առանց մեզ հարցնելու: Հետո, ես ինքս հոժարակամ դադարեցրել եմ դատախազությունում իմ  ծառայությունը, և ծառայությունն ավարտելուց մեկ ամիս հետո զեկուցագիր եմ ներկայացրել»,- ասաց Վահե Գրիգորյանը՝ հավելելով, որ իրավապահ համակարգում ինքն աշխատել է  իր զինվորական երդման թելադրանքով: