Բացել լրահոսը Փակել լրահոսը
001(2)
A A
Հասարակություն

Ապամոնտաժվում են Կոմիտասի շուկային հարակից առևտրային տաղավարները (տեսանյութ)

Արաբկիրի կենտրոնական՝ Կոմիտասի պողոտայի փակ շուկայի մուտքին հարող մայթին տեղադրված առևտրային տաղավարներն ապամոնտաժվում են: 

«11 տաղավար, որոնք մոտավորապես 25մ մեկուսացրել են մայթը փողոցից, որը նաև քաղաքաշինական իմաստով սխալ է: Ժամանակին մայթի այդ հատվածը 5 տարի ժամկետով տրամադրվել է անհատ ձեռնարկատիրոջ: Այնուհետև ժամկետը երկարացվել է: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո մենք խնդիր էինք դրել, որ այն այլևս չենք երկարացնելու»,-պատմում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:

Այն, որ պայմանագրի ժամկետը չի երկարացվելու՝ տնտեսվարողը ծանուցվել էր դեռ ամիսներ առաջ: Երկարատև բանակցություններից հետո այսօր ապամոնտաժումն ամբողջովին կատարվում է հենց տաղավարների սեփականատիրոջ միջոցներով:

Աննախադեպ այս ծրագրի հիմնական նպատակը նախ մայթն ազատելն էր, հետո նաև՝ շուկային իր նշանակությանը վերադարձնելն ու ծառայեցնելը:

Տաղավարների ապամոնտաժումից հետո տարածքը կբարեկարգվի և կկանաչապատվի: Կվերականգնվի նաև մայթի ընդհատված ծառուղին, կփորվեն նոր բնաբաժակներ, և աշնանը տարածքը կհամալրվի նոր ծառերով:

Արաբկիրում և հատկապես Կոմիտասի պողոտայում մայթերին տեղադրված կրպակների և տաղավարների ապամոնտաժման գործընթացը լինելու է շարունակական.

«Նմանատիպ այլ կրպակաշարեր կան շուկայի մյուս կողմում, դրանք ևս պետք է նույն տարբերակով ապամոնտաժվեն: Մայթը լիարժեք գործառնական առումով վերադարձնելու ենք իր երբեմնի կարգավիճակին» ,- ընդգծում է վարչկան շրջանի ղեկավարը:

Տաղավարների ապամոնտաժումն առաջացրել էր տարիներ շարունակ իրենց առևտուրն այստեղ կազմակերպող քաղաքացիների դժգոհությունը: Ու, թեև համայնքն ու վարչական շրջանը որևէ պարտավորություն չունեին առևտրով զբաղվողների նկատմամբ, վարչական շրջանի ղեկավարի առաջարկով առևտրականներն իրենց գործունեությունըը կարող են շարունակել շուկայում  և առաջարկվող մի շարք այլ տարածքներում՝ առաջին մի քանի ամիսն առանց վճարելու պայմանով:

Մայթերը բնակիչներին վերադարձնելու ևս մեկ օրինակը Արաբկիրում շուկայի հանդիպակաց մայթն էր: Առևտրի կենտրոնի կառուցումից հետո մայթն ամբողջությամբ վերածվել էր ավոտակայանտեղիի: Խնդիրն այստեղ արդեն լուծված է: