Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նազենի Ղարիբյանը և ազգային կինոկենտրոնը ուղղորդված պայքար էին տանում իմ դեմ. կինոռեժիսոր (տեսանյութ)

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի և Ազգային կինոկենտրոնի ղեկավարության հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Հովհաննես Գալստյանը պնդում է, որ Ազգային կինոկենտրոնը  դատերը ձգելու քաղաքականություն է որդեգրել: Կինոռեժիսորը  չի նահանջելու, պատրաստ է դիմել մինչև  երկրի առաջին դեմքին:

«Մոտ օրերս պատրաստվում եմ բաց նամակով դիմել  Նիկոլ Փաշինյանին և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի իրենք զսպեն Ազգային կինոկենտրոնի տոտալ  շանտաժի քաղաքականությունը, դատախազությանը  անընդհատ նամակներ գրելու քաղաքականությունը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց  նա:

Կինոռեժիսորը Ազգային կինոկենտրոնի գործողություններում միտում է նկատում:

«Հայաստանի ազգային կինոկենտրոնի  ներկայիս  ղեկավարությունը և արդեն ոլորտին հրաժեշտ տված Նազենի Ղարիբյանը իր հիմնած Ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովի մոտ 20  հոգով ուղղորդված պայքար էին տանում իմ  կինոընկերության՝ «Պարալլելս ֆիլմ»-ի  դեմ»:

Հիշեցնենք, որ Ազգային կինոկենտրոնը Հովհաննես Գալստյանի «Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրության ֆինանսավորումը  կասեցրել էր:

Հովհաննես Գալստյանը այսօր Ազգային ժողովում մասնակցում էր կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ լսումերին: Մենք կինոռեժիսորից հետաքրքրվեցինք նաև այդ ոլորտում անհրաժեշտ փոփոխություններից:  Հովհաննես Գալստյանի խոսքով՝  կինոյի մասին օրենք ընդունելը երկրորդական է, առաջնայինը կառուցվածքի փոփոխությունն է:

«Մենք առաջարկում ենք փոխել  կինոյի պետական կառավարման մոդելը, դա աշխատի մեկ տարի, տեսնենք թերությունները ու շտկենք, հետո օրենքի ուժ տանք այդ ամենին»,- ասաց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում: