Բացել լրահոսը Փակել լրահոսը
39336_b (1)
A A
Պաշտոնական

Հայ կանայք ուժեղ են, սակայն շատ հաճախ այդ ուժը պահում են ներսում. Նունե Սարգսյան

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Արգենտինայի գործարար կանանց «Pollera Pantalon» նախաձեռնության անդամները, ովքեր ճանաչողական այցով Հայաստանում են:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ողջունել են հյուրերին՝ հույս հայտնելով, որ կարճատև այցի շրջանակում նրանց կհաջողվի հնարավորինս շատ բան տեսնել և իմանալ Հայաստանի մասին:

Նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի պատմությունը, վերջին տարիների ընթացքում մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններն ու զարգացումները: Խոսելով ողջ աշխարհով մեկ սփռված հայերի մասին՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Սփյուռքը Հայաստանի ուժն է, քանի որ ժամանակակից աշխարհում մեծագույն ու կարևորագույն արժեքը մարդն է:

Հանդիպումն այնուհետև շարունակել է Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ով խոսել է հայ իրականության մեջ կնոջ դերի մասին: Նա ընդգծել է, որ կանայք շատ հաճախ ավելի զարգացած կառավարչական հմտություններ են ունենում, սակայն բնությունից տրված համեստության պատճառով երբեմն լռում են ու չեն բարձրաձայնում այդ մասին: «Որպես մայր՝ մենք կարևոր ենք, քանի որ ընտանիքում ամեն բան տեղի է ունենում մոր շուրջ: Հայ կանայք տաղանդավոր են, ուժեղ են, սակայն շատ հաճախ այդ ուժը պահում են ներսում, մինչդեռ հարկավոր է ցույց տալ այն»,- նշել է Նունե Սարգսյանը՝ կարևոր համարելով նաև կանանց մեկ այլ՝ հավասարակշռող դերը:

Նա նկատել է նաև, որ կանայք կարող են մեծ ներդրում ունենալ կամուրջներ կառուցելու կամ կամուրջներն ամրացնելու գործում՝ նշելով, որ Հայաստանն ու Արգենտինան բարեկամական ջերմ հարաբերություններ ունեն, սակայն դրանք կարելի է ամրապնդել նաև նոր նախագծերով ու համագործակցության ծրագրերով:

Արգենտինայից ժամանած կանայք, ովքեր ներգրավված են գործարարության տարբեր ոլորտներում, ներկայացրել են իրենց աշխատանքն ու ցանկություն հայտնել հետագայում տարբեր ուղղություններով զարգացնել փոխգործակցությունը Հայաստանի հետ: