Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ինչ վտանգներ է պարունակում Սևանից մեծ քանակի ջրառը

Այս տարվա հունիսի 6-ին Կառավարությունը որոշել է Սևանա լճից 2019 թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն խորանարդ մետր: Որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ:

Այս առնչությամբ «Ա1+»-ը զրուցել է  ՀՀ բնապահպանության նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանի հետ, որը ջրառին՝ այդ քանակով,  բացասական է վերաբերում:

Վերջինս չգիտի՝ ինչո՞ւ կառավարությունը շտապեց, բայց,ըստ նրա, այդ՝ մինչև 170 միլիոն խմ վերցնելը մի քիչ սրտապնդող է: Նրա խոսքով՝ Սևանի վիճակը պետք է այս տարի հնարավորինս կայունացնել, և ջրառը պետք է Սևանի վրայից հնարավորինս հանել:

«Արարատի, Արամավիրի մարզերի և Արագածոտնի մարզի որոշ թևերը սնվում են Սևանից՝ ջրառի մասով, դրանք հիմնականում  Ազատի, Ապարանի, Մարմարիկի այդ մեծ ջրամբարների վրա են, որոնք կարելի  է ասել՝ ամբողջովին լցված են: Պետք է հասկանանք՝ այդ ջրամբարները մինչև երբ են ապահովելու, որ դրանից վերջին փուլում հասկանանք՝ ինչքան պետք է բաց թողնել: Կոռուպցիոն համակարգը հաշվի առնելով՝ այսօր  ոլորտներում որ դեռևս ամբողջությամբ արմատախիլ արված չի, այդքան մեծ դիապազոն տալ՝ մինչև 170, իր մեջ վտանգ է պարունակում։ Եթե լիներ մինչև 30, 40 միլիոն, նորմալ է: Բայց, եթե մինչև 170 ենք ասում՝ այդ շղթան պատճառահետևանքային բարդ է վերահսկելը: Թերահավատորեն եմ մոտենում, որ այսօր հնարավոր է ամբողջովին վերահսկել այդ շղթան»,- ասաց Այսեր Ղազարյանը:

Նա առաջարկում է կառավարությանն անցնել ադապտիվ կառավարման:

Այսեր Ղազարյանը ջրառի հետևանքով մեկ այլ խնդիր էլ է կանխատեսում: Մասնագետի խոսքերով՝ եթե դրան զուգահեռ հուլիսին Սևանում ջերմաստիճանը  շատ բարձրացավ, ծաղկում կլինի: Խոսքը գնում է ջրիմուռների մասին, որոնց որոշ տեսակներ թունավոր են լինում:

«Այդ ջրիմուռներից, եթե կապտականաչը լինի, նաև մաշկային թունավորում է  առաջացնում: Անցյալ տարի դրա մի տեսակը հատկորոշվել էր: Եվ դրա հետևանքով լճում ոչ միայն լողալը, այլև ոռոգումը խնդիր կլինի, այն տոքսիկ է: Եվ նախարարությունը հիմա պիտի առաջարկի Կառավարությանը՝ Սևանի լճի մասով նման դիապազոնով ջրառ չտալ»,- ասաց Այսեր Ղազարյանը: