Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատմաբանը հացադուլ է անելու. Ինքն ուզում է ուսուցիչ աշխատել

Հասարակություն
Vano

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի բնակիչ, մասնագիտությամբ պատմաբան 27-ամյա Վանո Կարապետյանը  պատրաստվում է հունիսի 17-ից  հացադուլ սկսել ԿԳՆ շենքի մոտ։

2016թ-ին նա  ավարտել է Գավառի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը՝ բակալավրի դիպլոմով։Որպես ուսուցիչ  չի կարող աշխատել, քանի որ դիլոմում նշված չէ ուսուցչի որակավորումը։Սա  «Հանրակրթության մասին»  օրենքի պահանջն է։

Բայց տարբերություն իրեն, երիտասարդի խոսքով, Գեղարքունիքի մարզի 11 ուսումնական հաստատություններում աշխատում են 18 հոգի, որոնց պարագայում օրենքի պահանջը հաշվի չի առնվել։

«Օրենքն իմ պարագայում գործել է, իրենց պարագայում՝ ոչ»,- նշեց նա։

Խոսքը տարբեր բուհերի շրջանավարտների մասին է, որոնք եւս բուհում չեն ստացել  ուսուցչի որակավորում։

«Ինձ տրված դիպլոմը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին հակասում է, սակայն 18 անձի ապօրինի կերպով մարզպետարանի հովանավորչությամբ, մարզպետարանի տեսուչների անցկացրած ապօրինի մրցույթների միջոցով ընդունել են աշխատանքի»,- «Ա1+»-ին ասաց Վանո Կարապետյանը։

Այս խնդիրը նա ներկայացրել է թե՛ Գեղարքունիքի մարզպետարանին, թե Կրթության և գիտության նախարարությանը։ Կարապետյանը նաև  2018 թ. հունիսին հանդիպել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և նրա խորհրդական Գոհար Մամիկոնյանի հետ։

«Խոստացան, որ օրենսդրական ճանապարհներով հարցը կլուծեն ու մինչև օրս ոչ մի քայլ չեն ձեռնարկել։ Իսկ մարզպետարանին ու նախարարությանն ուղղված իմ դիմումները դիտարկվել են ոչ իրավաչափ։ Պատասխանների մեջ մարզպետարանը չի նշել, թե ինչպես է ստացվել, որ օրենքի խատումով մարդկանց են աշխատանքի ընդունել»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ԿԳ նախարարության տեսչական մարմինը նույնիսկ ստուգում է իրականացրել, հորդորել մարզպետարանին վերացնել խախտումները, սակայն վերջինս չի ենթարկվել՝ ձգձգելով այնքան, որ վերոնշյալ 18-ի աշխատանքային ստաժը հասնի 5 տարվա։

Տեսնելով, որ շոշափելի առաջխաղացում չկա այս հարցով՝ նա դիմել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանին , որն էլ այս խնդրով դիմել է ԿԳ նախարարությանը։

Ըստ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորի ՖԲ էջում 2019 թ. ապրիլի 26-ի հրապարակման՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ի պատասխան11.04.2019 թվականի գրության, մասնավորապես նշել է, որ 2012/13 ուստարում ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դիմորդների ընդունելությունն իրականացվել է 62 ծածկագրով, ուստի 2016 թ. շրջանավարտներին շնորհվել է բակալավրի որակավորում։

«Ներկայումս նախարարությունը քննարկում է մանկավարժական ուղղվածությամբ մասնագիտություններով շրջանավարտների մանկավարժական գործունեությամբ զբաղվելու, մանկավարժական աշխատողների տարակարգերի և պաշտոնների, ինչպես նաև աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից նրանց պահանջների վերանայման ու հստակեցման խնդիրները»,- ասվել է պատասխանի մեջ։

Վանո Կարապետյանը հավելեց նաև, որ այս խնդրով 2017 թվականին 6-րդ գումարման Ազգային ժողովի  «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի միջոցով, թե՛ անձամբ դիմել է այն ժամանակվա ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, սակայն կրկին ապարդյուն։