Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վերաքննիչը ճանաչեց Մարինա Պողոսյանի անմեղությունը

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշեց անփոփոխ թողել «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի գործով վճիռը՝ ճանաչելով նրա անմեղությունը։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց տուժող կողմի ներկայացուցիչ Հրանտ Անանյանի բողոքը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա  մայիսի 30-ին Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը արդարացրեց «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանին։ Նա մեղադրվում էր ուրիշի գույքն անհատույց շահադիտական դրդումներով յուրացնելու մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության, նա հափշտակել էր Կանադայի քաղաքացի Արփի Մերասի Նալբադյան 50 շենքում գտնվող բնակարանը և վաճառքից գոյացած 140 հազար ԱՄՆ դոլարը։ Մնացական Մարտիրոսյանը ճանաչեց և հռչակեց Մարինա Պողոսյանի անմեղությունը և վերացրեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը ստորագրությունը։ Ի դեպ,  դատավորը առանց քննության թողեց նաև Մարինա Պողոսյանի դեմ ներկայացված 57 մլն դրամի քաղհայցը։ 

  Ի դեպ, դատախազությունը հրաժարվել էր բողոքից։

Մարինա Պողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի համար սպասելի էր դատարանի որոշումը։ Ըստ նրա՝ առաջին  ատյանի դատարանը պատճառաբանված եւ հիմնավոր որոշում էր կայացրել,  եւ այլ որոշում վերաքննիչ դատարանը չէր կարող կայացնել։