Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես նախկին իշխանությունների պալատական երգիչը չեմ եղել և չեմ էլ լինելու»

Քաղաքականություն

   ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրինությունը  հրատապ ասուլիս էր  հրավիրել՝ այսօր առավոտյան  տեղի ունեցած ակցիայից հետո։

ԳԱԱ պատմության ինստիտուտի  տնօրեն Աշոտ Մելքոնյանը պնդում է՝   ՍԴՀԿ   երիտասարդ անդամները  անհիմն մեղադրում են իրենց կեղծարարության  մեջ։   Ըստ նրա՝ երիտասարդները  ներկայացնում են նյութեր, որոնցում հղումներն արված  են արդեն չօգտագործվող դասագրքերից։

Այսօր առավոտյան ՍԴՀԿ «Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամները ժապավեններով փակել էր պատմության ինստիտուտի գլխավոր մուտքը, դռների վրա փակցրել «Անաչառ դասագրքեր», «Ագիտացիան տեղ չունի դասագրքերում», «Կեղծարարնե՛ր, դո՛ւրս ԳԱԱ-ից», «Դուք սպանել եք ազգային պատմությունը»   բովանդակությամբ պաստառներ:

Ըստ  «Սոցիալ Դեմոկրատ Քաղաքական դպրոց»-ի պատասխանատու Ռադիկ Կարապետյանի՝ պատմության դպրոցական դասագրքերը ուսումնասիրելիս հայտնաբերել են  քաղաքական նպատակներով արված կեղծարարություններ։

Ուսումնասիրությունների արդյունքները կետ առ կետ ուղարկել էին  ԿԳ նախարարությանը, որն էլ իր հերթին հարցում էր ուղարկել ԳԱԱ պատմության ինստիտուտին:

Այնուհետև, Ռադիկ Կարապետյանի խոսքով, հանդիպել էին ինստիտուտի պրոֆեսորների և պատմաբանների հետ. հանդիպումը,սակայն,  դրական ավարտ չէր ունեցել, նույնիսկ բանը հասել է անձնական վիրավորանքներին:

Աշոտ Մելքոնյանը  պնդում է , որ հանդիպման ժամանակ իրենք ոչ մի հայհոյանք չեն օգտագործել և ոչ մեկին չեն անվանել անգրագետ։

«Միայն ասել ենք՝ քանի որ դուք բազային կրթություն չունեք, գիտական բանավեճ չի կարող ստացվել: Եթե մենք իրենց պահանջով գրենք կհայտնվենք ծիծաղելի վիճակի մեջ»,-ասաց նա։

ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Գեղամ Հովհաննիսյանը եւս մասնակցել է  հանդիպմանը։  Գեղամ Հովհաննիսյանը  պատմում է, որ իրենց  հարց են հնչեցրել, իսկ բողոքի ակցիայի մասնակիցները նեղվել են և հարցրել են՝ ի՞նչ է՝ քննության եք կանչել մեզ։

 «Իրենք իրենց կուսակցության պատմության մասին շատ մակերեսային գիտելիքներ ունեին»,-ասաց նա։

Պատմության ինստիտուտի տնօրենը անդրադառնում է նաեւ դասագրքերի որակին, ասում՝ ժամանակին իրենց  համար  դժվար է եղել գրելը, քանի որ «խորհրդային տարիներին խեղաթյուրված պատմությունը զրոյական վիճակից հասցրել են այնտեղ, որտեղ այսօր է»:

 «Մենք կարողացանք այդքանը գրել,  մեզանից հետո եթե երիտասարդ սերունդը կարող է ավելին գրել՝ թող գրի, բայց մենք հետամուտ ենք լինելու որ մեր գրածները չարտագրեն:

«Ես նախկին իշխանությունների պալատական երգիչը չեմ եղել և չեմ էլ լինելու»,-ասաց Աշոտ Մելքոնյանը։

Նա նաեւ դիմեց  ՍԴՀԿ ղեկավարությանը՝ « Գրեք ձեր կուսակցության պատմությունը , ի տարբերություն ՀՅԴ-ի, դուք դա չեք արել և այսօր պարտավոր եք անել»: