Առատաշեն գյուղում տղամարդը հրացանով սպանել է կնոջն ու նրա եղբորը
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 11-ին՝ ժամը 15.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղում մահացած անձինք կան: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Առատաշենում ապրող 63-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակոցներ է արձակել 61-ամյա կնոջ և վերջինիս 70-ամյա եղբոր ուղղությամբ: Նրանք ստացած վնասվածքների հետևանքով մահացել են:
Նախնական վարկածով՝ կատարվածը կենցաղային բնույթի տարաձայնությունների հետևանք է: Տղամարդուն վնասազերծել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներից մեկը, որը Առատաշեն գյուղի բնակիչ է և գտնվում է արձակուրդում: Դեպքի վայր հասած օպերատիվ խումբն էլ կասկածյալին բերման է ենթարկել բաժին: Հանցագործության գործիք հրացանն առգրավված է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
ՀՀ ոստիկանություն
shamshyan.com-ը գրել է՝ ոստիկանները նշված գյուղի տներից մեկի հյուրասենյակում և հողամասում հայտնաբերել են դիերը։ Կնոջ՝ 61-ամյա Ջեմմա Մարտիրոսյանի դին հայտնաբերվել է հողամասում, իսկ նրա եղբոր՝ 70-ամյա Սարգիս Մարտիրոսյանի դին՝ հյուրասենյակում։
Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունները կատարելու կասկածանքով ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 63-ամյա Ժորա Հակոբյանին։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ Ժ. Հակոբյանը սպանված Ջ. Մարտիրոսյանի ամուսինն է, իսկ Ս. Մարտիրոսյանը՝ նրա կնոջ եղբայրը, ով նշված անձանց սպանել է հրացանով։