Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0379
A A
Հասարակություն

Նիստը հետաձգվեց Մանվել Գրիգորյանի բացակայության պատճառով

Երևան քաղաքի «Կենտրոն և Նորք-Մարաշ» ընդհանուր իրավասության դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում է ԵԿՄ նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Նազիկ Ամիրյանը ներկա է նիստին, Մանվել Գրիգորյանը ներկա՝ ոչ։

Նիստը հետաձգվեց Գրիգորյանի բացակայության պատճառով, այն տեղի կունենա հուլիսի 18-ին, ժամը 12-ին։

Նիստի հետաձգումից հետո Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը հանդես եկավ ճեպազրույցով։

Անդրադառնալով առողջապահության նախկին փոխնախարարի կողմից գեներալ Գրիգորյանի առողջության վերաբերյալ ստորագրված փորձագիտական եզրափակացության փաստաթղթին (Մկրտչյանը նախկինում ասել էր, որ փոխնախարարն օրենք է խախտել՝ այն ստորագրելով)՝ Մկրտչյանն ասաց, որ Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմ չի հայտնաբերել դրանում։

Խոսելով դատախազի հայտարարության մասին, թե  Մանվել Գրիգորյանը զանգել է իր ենթականերից մեկին՝ հորդորելով իր վրա վերցնել մեղքը՝ փաստաբանը ներկայացրեց խոսակցության բովանդակությունը.

««Ո՞ւր է էդ պատասխանատուն, թող գա, ինքը դրան տեր կանգնի»։ Դատախազության այս քայլը հերթական խոշտանգում, վերացական դատողությունների հիման վրա հիվանդ մարդուն կալանքի տակ պահելու փորձ է»։

Առաջին ատյանի դատարան էր ներկայացվել «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալ, ազատամարտիկ Աշոտ Իսախանյանի գրությունը, որով նա հայտնում էր, որ Գրիգորյանն իրեն խոշտանգել է, 22 օր պահել է նկուղներում, սպառնացել:

Իսախանյանը խնդրում էր իրեն ներգրավվել դատակոչի ենթակա անձ, տուժող և որպես քաղհայց հօգուտ իրեն ԵԿՄ նախկին նախագահից «բռնագանձել 5 միլիոն դոլարին համարժեք դրամ՝ ամբողջ կյանքը կործանելու համար»։

Հիշեցնենք, որ Իսախանյանն այն անձն է, ում վիզը շղթայված լուսանկարները վերջին օրերին տարածվել էին համացանցում։

Այս գրության կապակցությամբ դատավոր Մարտիրոսյանը ասել էր, որ դատարանը պատրաստվում է գրավոր պատասխան ուղարկել Իսախանյանին՝ տեղեկացնելու, որ այս դեպքով մեղադրանք չկա: Իսկ մեղադրող դատախազը հայտարարեց, որ Իսախանյանի հետ կապված հաղորդում է ստացվել, և հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է:

Ճեպազրույցի ժամանակ այս գրության վերաբերյալ փաստաբանն ասաց, որ սա հերթական ներկայացումն է՝ կապված Մանվել Գրիգորյանի անձի հետ։

«Ես կխնդրեմ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիային հատուկ ուշադիր լինել էդ անձի հավասարակշռության վրա և նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Աշոտ Իսախանյանը պետք է ՔԿՀ-ում ինտերնետից և սմարթֆոնից օգտվելու հնարավորություն չունենար։ Սակայն ինձ հետ Ֆեյսբուքի միջոցով պարբերաբար եղել է կապի մեջ և ինձնից աջակցություն է ակնկալել»,- հայտարարեց Մկրտչյանը՝ Իսախանյանի պահանջը որակելով որպես Պանիկովսկու՝ «Միլիոն եմ ուզում, միլիոն եմ ուզում» արտահայտություն։

Նա ասաց, որ այդ նկարները տեսել է համացանցում, և որ Իսախանյանը սեփական ֆեյսբուքյան էջով ուղարկել, տարածել է այդ նկարները։