Բացել լրահոսը Փակել լրահոսը
62600501_1563536000444605_9196019984306798592_o
A A
Հասարակություն

«Հնարավոր չէ միշտ հույսը դնել «թավշյա հեղափոխություն և Նիկոլ Փաշինյան» մոգական ազդեցության վրա»

Երեկ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ քաղաքապետ  է ընտրվել Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը՝ ստանալով 8453 ձայն։

Այս առնչությամբ,  «Մեդիա Կենտրոն» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում, իրենց տպավորություններով կիսվեցին քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Ալեքսեյ Պետրոսյանը:

Մեհրաբյանի խոսքով՝ Աբովյանի ընտրությունները «լաբորատոր  թեստ» էին՝ ներկա հասարակական-քաղաքական իրավիճակի ախտորոշումը տալու համար: Մեհրաբյանի համար արդյունքը ոչ սպասելի էր, ոչ էլ՝ զարմանալի:

 «Մենք հասկանում ենք հետևյալը՝ տեղի է ունեցել հեղափոխություն մակրոմակարդակում, բայց միկրոմակարդակներում առայժմ տիրում են նախկին բարքերը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ մեծ ջանքեր կպահանջվեն փոփոխությունների համար:

Վերլուծաբան Հակոբ Բադալյանն ասաց, որ տեղի ունեցածն արտառոց չէ, որովհետև «վերջին շրջանում ձևավորված որոշակի ցանցի հետ միայն հեղափոխական լոզունգներով աշխատելը բավական բարդ է և անարդյունավետ»:

Սակայն տեղի ունեցածը, ըստ նրա, ինչ-որ չափով կարելի է հեղափոխության հաղթանակը համարել, քանի որ պարզ էր, որ իշխանությունը ամեն գնով հաղթանակի չի փորձում հասնել:

Բադալյանը նշեց, որ Հայաստանը դեռևս անցումային փուլում է, և այսպիսի իրավիճակներ կլինեն: Հակոբ Բադալյանն այն համոզմանն է, որ սա նախադեպ ունեցող իրավիճակ է, որովհետև արտահերթ ընտրությունից առաջ հոկտեմբերին հեղափոխական ուժը պարտվեց Կապանում: Նա հավելեց, որ քայլեր պետք է ձեռնարկվեն, օրենսդրական փոփոխություններ իրականացվեն՝ նպաստելու քաղաքական նոր որակների ձևավորման, քաղաքական մրցակցության հին գործիքակազմը դուրս մղելու համար: Նա նշեց, որ «հնարավոր չէ միշտ հույսը դնել «թավշյա հեղափոխություն և Նիկոլ Փաշինյան» բառակապակցության և անվան մոգական ազդեցության վրա:

Մեհրաբյանն էլ նշեց, որ ընտրությունների ընթացքը ցույց տվեց ոստիկանության՝ «սովոտական միլիցիայի» մակարդակից չբարձրացած լինելը և անհամապատասխանությունը ներկա իրողություններին:

«Չի ուզում մի միլիմետր աճի, բարձրանա, մի քիչ ավելի լայնախոհ դառնա, ավելի ինտելեկտուալ դառնա կրիմինալի դեմ պայքարում»,- շեշտեց նա:

Անդրադառնալով նաև 3 օր առաջ Աբովյանում գրանցված հրդեհի միջադեպին՝ բանախոսն ասաց, որ դեռևս մնացել են կրիմինալ ցանցեր, որոնք ընտրությունների օրերին կարող են տուն, մեքենա վառել, մարդկանց ահաբեկել և գործարկել տարբեր քայլեր՝ ներքին պայմանավորվածություններ, շանտաժ:

«Էս ամեն ինչին նույնիսկ պատշաճ իրավական գնահատական չի տրվել»,- ընդգծեց Մեհրաբյանը՝ անդրադառնալով հրդեհման դեպքով հարուցված քրեական գործին:

Ալեքսեյ Պետրոսյանը, անդրադառալով Հայաստանում անցկացված ընտրությունների ընթացակարգերին, ասաց, որ համակարգային խախտումներ չեն եղել, սակայն եղել են էպիզոդիկ խախտումներ:

«Դիտորդների բարձրացրած խնդիրները կապված էին հանձանժողովների թույլ աշխատանքի հետ:  Որոշ դեպքերում հանձնաժողովի նախագահը տեղյակ չէր, կամ իր անգործության հետևանքով առաջանում էին խախտումներ, որոնք չպետք է տեղի ունենային»,- ընդգծեց ԹԻՀԿ ընտրական ծրագրերի համակարգողը:

Որոշ դեպքերում, ըստ նրա, վստահված անձն էր հանձնաժողովի անդամի դեր կատարում: Նա որպես օրինակ՝ նշեց նաև Կոտայքի մարզպետի դեպքը:  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, երկրորդ անգամ տեղամաս մտնելով, ըստ Պետրոսյանի, խախտել էր երկրորդ անգամ տեղամաս չմտնելու արգելքը: Նա նշեց, որ վարչական ռեսուրսի չարաշահում կարող է դիտարկվել Պետրոսյանի կողմից հանձնաժողովի անդամին խախտման վերաբերյալ հաղորդում ներկայացնելու ցուցում տալը:

Որպես վարչական ռեսուրսի չարաշահում, ըստ Ալեքսեյ Պետրոսյանի, կարող էր դիտարկվել նաև  ընտրությունների օրը հարցազրույցում Կոտայքի մարզպետի՝ Աբովյանում տեղի ունեցած աճուրդի վերաբերյալ և այդ դեպքով ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության վերաբերյալ անդրադարձը:

Հիշեցնենք, որ Ռ. Պետրոսյանին ահազանգել էին, որ  հանձնաժողովի անդամ Վեներա Գյուլինյանի մոտ ընտրողների ցուցակ կա՝ անուն-ազգաններով։ Մարզպետը նկարել էր ցուցակը՝ հայտարարելով, որ սա հին քաղաքական մշակույթի հետևանք է և  ցուցում էր տվել հանձնաժողովի նախագահին՝ հաղորդում տալ ոստիկանություն։

Մարզպետն ասել էր նաև, որ Գյուլինյանը «Գագիկ Ծառուկյան ուսանողական բարեգործական հիմնադրամի» աշխատակից է։

Իր հերթին Գյուլինյանն ասել էր,  որ սա նախորդ ընտրություններից մնացած ցուցակ է, ուղեցույցի մեջ դրված է եղել նախկինում և որ այն շենքի բնակիչների անուններն են, որի լիազորն է ինքը։