Բացել լրահոսը Փակել լրահոսը
62388197_1066888423496751_698624147781058560_n
A A
Հասարակություն

Նախկին քննիչը հայց է ներկայացրել դատարան, ոչ թե նորից աշխատելու՝ այլ  իր  բարի համբավը վերականգնելու համար

ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության նախկին քննիչ Արկադի Օսիպյանը,  որին աշխատանքից ազատել են իբրև թե կատարած մի շարք խախտումների, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քաղաքական չեզոքություն չպահպանելու համար, իրեն աշխատանքից անհիմն ազատելու համար   հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ  քննչական կոմիտեի, որը սակայն առաջին ատյանը մերժել է։ Հունիսի 7-ին Արկադի Օիսպյանը բողոք է ուղարկել ՀՀ վերաքննիչ դատարան։

Այս գործի մանրամասների վերաբերյալ մենք զրուցել ենք Արկադի Օսիպյանի հետ։

Նա տեղեկացրեց, որ իրեն աշխատանքից ազատելուց հետո հայցադիմում է ներկայացրել դատարան՝ իրեն աշխատանքում վերականգնելու, ոչ թե նրա համար, որ աշխատի, այլ նրա համար, որ վերականգնի իր բարի անունը։ Այնուհետև նա ասաց, որ նույն պահին իր դիմումով դուրս կգա աշխատանքից, քանի որ չի ցանկանում այլևս աշխատել նման կառույցում, որտեղ ղեկավարը միշտ ճիշտ է, նույնիսկ եթե նա սխալ է։ Իր հայցի բավարարման դեպքում նա չի պատրաստվում շարունակել աշխատանքը ՔԿ-ում։

Խոսելով դատաքննության ընթացքի մասին՝  ասաց, որ այդ ընթացքում իր կողմից արձանագրվել են  մի շարք խախտումներ։

«Դատավորի կողմից նշված օրը՝ մայիսի 3-ին, նշված ժամից շուտ՝ 17։30-ին, ներկայացել եմ դատարան՝ հրապարակմանը ներկա գտնվելու և օրենքի համաձայն՝ որոշման իմ օրինակը ստանալու համար, սակայն դատարանում դատավորի աշխատակազմից պատասխանել են, որ հրապարակումը լինելու է «Դատալեքս» կայքում միայն, որը կարծում եմ ճիշտ չէ։ Ես խնդրել եմ տեղեկացնել հրապարակման օրվա մասին, պարտավորվել են, որ կտեղեկացնեն, սակայն միայն մայիսի 8-ին, երբ արդեն կայքում եղել է որոշումը, որը հրապարակվել է առանց իմ ներկայության՝ զանգ եմ ստացել դատարանից, որին չեմ պատասխանել, քանի որ այլևս քննարկելու ոչինչ չկա, արդեն հրապարակումից անցել էր 10 օր, իմ հասցեն կար դատարանում, սակայն դեռևս չէի ստացել որոշման իմ օրինակը»,- ասաց Արկադի Օսիպյանը։

Երկար սպասելուց և իր որոշման օրինակը, վերջապես, ստանալուց հետո Արկադի Օսիպյանը  Վերաքննիչ բողոքը պատրաստել և արդեն ուղարկել է։

Բողոքի հիմքում վերջինս նշել է այն, որ փաստացի, դատարանը ողջ դատապրոցեսի ընթացքում կողմերին տված հարցադրումներով և փաստաթղթերի ուսումնասիրությամբ տպավորություն է ստեղծել, թե քննում է հայցադիմումում բարձրացված հարցերը և ՀՀ քննչական կոմիտեի կողմից թույլ տրված խախտումներն իր նկատմամբ, այնինչ, վճռում պարզապես եկել է այն եզրահանգման, որ հայցվորի կողմից սխալ ակտ է բողոքարկվել՝ առանց պատճառաբանելու, թե ինչու հենց այս կամ այն ակտը պետք է բողոքարկվեր և ինչ հիմնավորմամբ։

«Իսկ իմ կողմից ինչպես հայցադիմումում, այնպես էլ դատաքննության ընթացքում հստակ նշվել է այն մասին, որ ուսումնասիրելով ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 2018 թվականի նոյեմբերի 7-ի ԿՀՈ 34 որոշման մեջ ինձ վերագրվող կարգապահական խախտումների բազմաբովանդակ դրվագները, պարզ է դառնում, որ կարգապահական հանձնաժողովը չի նշել կոնկրետ խախտման դրվագով, թե տվյալ խախտումը երբ է հայտնաբերվել համապատասխան վերադասի կողմից։ Իսկ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կարգապահական տույժը կիրառում է խախտումը հայտնաբերվելուց հետո մեկ ամսվա ընթացքում՝ կարող ենք ասել, որ ՀՀ քննչական կոմիտեի 2018 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 914 Ա հրամանը՝ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ կայացվել է առերևույթ ժամկետների խախտման պայմաններում, քանի որ առկա չէ որևէ հիմնավոր և/կամ ներկայացված ապացույց, թե կոնկրետ խախտման դրվագներով, որ խախտումը երբ է հայտնաբերվել»,- ասաց Արկադի Օսիպյանը։

Վերջինս բողոքում նաև նշել է, որ դատարանը հրաժարվել է իրականացնել օրենքի պահանջներից բխող արդար դատավարություն։

       Արկադի Օսիպյանի խոսքերով դատարանը՝ գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Խոսելով նաև ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի այն որոշման մասին, որ ինքը «Ֆէյսբուք» սոցիալական կայքում չի պահպանել քաղաքական չեզոքություն, Արկադի Օսիպյանը մանրամասնեց իր գրառումը։

«ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ոնց միշտ իրենց ոճի մեջ են. դավաճաններ... ՀՀԿ-ին շատ ամոթ, իրենց կեղտոտությունն այս օրով անելու համար»։ Որոշման մեջ գրել են, որ թույլ է տվել մի շարք խախտումներ, որով չի դրսևորել քաղաքական զսպվածություն, չեզոքություն, չի եղել անկողմնակալ և չի պահպանել ծառայողական կարգապահությունը և չի դրսևորել պաշտոնյային վայել վարքագիծ և իր վարքագծով դրսևորել է ՀՀ ՔԿ ծառայողի համբավն արատավորող անվայել արարք: Նման գնահատական տալով՝  նրանք ինձ  խիստ վիրավորել են, քանի որ ես 2010 թվականի հունվարից սկսած մինչև 2018 թվականի նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում  անբասիր ծառայել եմ նախ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում քննիչի պաշտոնում, այնուհետև ՀՀ քննչական կոմիտեում ու ծառայության ընթացքում երբևէ ՀՀ ՔԿ ծառայողի համբավն արատավորող որևէ գործողություն չեմ կատարել»,- ասաց  Արկադի Օսիպյանը:

Նրա խոսքերով նշված գրառումը կատարել է ոչ թե նրա համար, որ սատարի որևէ կուսակցության, չի քարոզել որևէ կուսակցության առավելությունը կամ թերությունը մյուսի նկատմամբ, այլ իր գրառումը եղել է բարկության նշան և ամոթանք, քանի որ այդ օրը Շարլ Ազնավուրի մահվան հաջորդ օրն էր, ում մահը սգում էր ոչ միայն հայ ազգը, այլև այլ ազգերը, ովքեր գնահատել են վերջինիս մարդ և երգահան տեսակը, իսկ Հայաստանում այնպիսի իրավիճակ էին ստեղծել, որ հայ ժողովուրդը, մոռանալով իր սուգը, կրկին դուրս էր եկել փողոց և նշված գրառմամբ իր  դժգոհությունն է արտահայտել հենց այդ օրը նման բան կատարելու համար։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ իրեն աշխատանքից ազատելու պատճառներից է այն, որ ինքը չի կատարել իր վերադասի ապօրինի հրամանները և իրենից օր առաջ  ազատվելու համար՝ նրանք չկարողանալով որևէ լուրջ փաստարկ գտնել իր դեմ, պարբերաբար իր նկատմամբ անտեղի ծառայողական քննություններ են անցկացրել, խլել իր աշխատանքային  ժամերից, իր ժամանակը վատնելով բացատրություններ վերցնելու համար, իր դեմ տրամադրել ամբողջ կոլեկտիվին ու գործի բերումով իր հետ շփվող դատախազներին և վերջում անհիմն ազատել աշխատանքից։

Արկադի Օսիպյանը վճռական է տրամադրված և գնալու է մինչև վերջ՝ արդարության հասնելու համար։

Արկադի Օսիպյանը հետագայում պլանավորում է փաստաբանությամբ զբաղվել, իսկ մինչ այդ իր խոսքերով կզբաղվի իր նման տուժած անձանց իրավաբանական օգնություն ցուցաբերելով։