Դավիթ Խաժակյանի հայտարարությունից հետո ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանության երկու պարզաբանումը նույն դեպքի մասին
Այսօր Դավիթ Խաժակյանը տեսաձայնագրություն էր հրապարակել՝ նշելով, որ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել իր մերձավորի հետ։ Նախքան այդ հրապարակումը՝ միջադեպի վերաբերյալ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որի հիման վրա ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում արդեն իսկ նշանակվել էր ծառայողական քննություն։
Այնուհետև Դավիթ Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ,որը նրան առաջարկել է հաղորդում տալ ոստիկանություն, ինչի հիման վրա էլ , ոստիկանության պետի հանձնարարությամբ հիշյալ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում։
«Չեն բացառվում ոստիկանության մեծ ընտանիքին անհարիր անձանց գոյությունը»
Այսօր Ազգային ժողովում ոստիկանության պետին ուղղված հարցադրում է հնչեցվել գիշերը Դավիթաշենում քաղաքացու հետ կատարված միջադեպի կապակցությամբ, որի վերաբերյալ ոստիկանությունն արդեն իսկ պարզաբանում է տարածել:
Հարկ ենք համարում կրկնել, որ միջադեպի կապակցությամբ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ, սկսվել է ծառայողական քննություն:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, ապա նորից հիշեցնենք, որ ոստիկանությունը գործում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և կատարում է իր գործառույթներից բխող գործողություններ:
Միևնույն ժամանակ հարկ է հիշել, ոստիկանների աշխատանքում չեն բացառվում նաև վրիպումներն ու թերացումները, ինչպես և ոստիկանության մեծ ընտանիքին անհարիր անձանց գոյությունը:
Առաջին հերթին և բոլորից ավելի ոստիկանությունն է շահագրգռված, որ նման երևույթներն իսպառ բացառվեն կառույցի գործունեության մեջ:
Ծառայողական քննության արդյունքներով լիարժեք կբացահայտվեն միջադեպի բոլոր հանգամանքները, և եթե ահազանգի իսկությունը հաստատվի, մեղավորները կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության: