Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ-ը բավարարել է  Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը

Քաղաքականություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունիսի 6-ի որոշմամբ բավարարել է Մանվել Գրիգորյանի 2019 թվականի հունիսի 5-ի միջնորդությունը՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ:

Այս մասին  հայտնում է  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչությունը։

«Նշված որոշմամբ Եվրոպական դատարանը, պայմանավորված դիմումատուի ծանր առողջական վիճակով, ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել դիմումատուի տեղափոխումը որոշմամբ մատնանշված բժշկական հաստատություն:

Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությունից պահանջել է մինչև սույն թվականի հունիսի 12-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն: Եվրոպական դատարանը նշել է, որ կրկին կքննի միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբեյալ միջնորդությունը՝ հիմնվելով ներկայացված փաստական տվյալների վրա:

Եվրոպական դատարանը նաև կողմերի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Պայմանավորվող պետության կողմից 39-րդ կանոնի համաձայն սահմանված միջոցի իրականացումը չապահովելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման:

Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քննարկվող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց հունիսի 6-ին՝ մինչև Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոցի կիրառման մասին որոշումը ՀՀ կառավարությանը հանձնելը»,-ասված է հաղորդագրության մեջ: