Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հաղթեց Ադրբեջանին

Սպորտ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը լուրջ հայտ ներկայացրեց Եվրոպայի թիմային առաջնությունում հաղթող դառնալու համար: 7-րդ տուրում մեր շախմատիստները պարտության մատնեցին մրցաշարի միանձնյա առաջատար Ադրբեջանի թիմին' 2,5:1,5: Մեր թիմից հաղթանակ տոնեց Գաբրիել Սարգսյանը, իսկ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը ոչ-ոքի խաղացին:

Շախմատի սիրահարներին բավական հետաքրքիր վերջաբան է սպասվում, քանի որ ներկայումս մրցաշարային աղյուսակում եռիշխանություն է. 11-ական միավոր են վաստակել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ընտրանիները, 10-ական'Ուկրաինան, Լեհաստանը եւ Հոլանդիան: Այսօր միմյանց հետ կհանդիպեն երկու առաջատարները'Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները:

Հայաստանի կանանց հավաքականը նույնպես հաջող է հանդես գալիս: Հերթական' 7-րդ տուրում, մեր շախմատիստուհիները 3,5:0,5 հաշվով ջախջախեցին Ռումինիայի թիմին եւ 10 միավորով այժմ եզրափակում են առաջին եռյակը: Հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, եւ միայն Նելլի Աղինյանը խաղաղ դաշն կնքեց:

Այստեղ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ռուսաստանի եւ Վրաստանի ընտրանիները, որոնք իրենց ակտիվում ունեն 12-ական միավոր: 8-րդ տուրում մեր հավաքականը կհանդիպի Ուկրաինայի ընտրանու հետ, որը նույնպես վաստակել է 10 միավոր, սակայն ընթանում է 5-րդ  տեղում: