Բացել լրահոսը Փակել լրահոսը
61779219_1049441148588743_8780844445198188544_n
A A
Հասարակություն

Շարունակվում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատավարությունը. Գրիգորյանը ներկա չէ. լրացված (տեսանյութ)

Երևան քաղաքի «Կենտրոն և Նորք-Մարաշ» ընդհանուր իրավասության դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում է ԵԿՄ նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Նազիկ Ամիրյանը ներկա է նիստին, Մանվել Գրիգորյանը ներկա չէ։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանը դա պատճառաբանեց նրանով, որ իր պաշտպանյալին իր կամքին հակառակ տեղափոխել են հիվանդանոցից՝ խախտելով Եվրոպական կոնվենցիան, ինչպես նաև փաստաբանը հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին, Գրիգորյանին՝ «Նաիրի» բժշկական կենտրոնից անօրինական կերպով տեղափոխելու մասով՝ հավելելով, որ փաստաբաններին Գրիգորյանի տեղափոխելուց հետո թույլ չի տրվել տեսակցել։

Նիստն ընդմիջվեց, որպեսզի քննարկվի նիստի հետագա ընթացքի հարցը և Մանվել Գրիգորյանի՝ դատարան չներկայապալու հարցը:

Ավելի ուշ հայտարարվեց, որ նիստը հետաձգվում է մինչև հունիսի 11-ը։ 

Հիշեցնենք, որ երեկ Մանվել Գրիգորյանին Նաիրի բժշկական կենտրոնից տեղափոխեցին «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այդ մասին տեղեկացել ենք «24Նյուզ» լրատվականի հրապարակած տեսանկարահանումից, որում նրա փաստաբանն ասել էր, որ նախօրոք տեղյակ չի եղել, որ պատրաստվում են իր պաշտպանյալին տեղափոխել։

Իսկ դրանից առաջ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում Մկրտչյանը նշել էր, որ Գրիգորյանի անունից երկու անգամ գրավոր մերժում էին փոխանցել ՔԿՀ-ի հիվանդանոց տեղափոխվելու կապակցությամբ, քանի որ, ըստ Մկրտչյանի, հիվանդանոցը համապատասխան բուժօգնություն չէր կարող ԵԿՄ նախկին նախագահին տրամադրել։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանն ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նույն մեղադրանքն առաջադրվել է Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։