Հայաստանը հաղթեց Իսպանիային
Աջակցիր «Ա1+»-ինՆովի Սադում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 6-րդ տուրում 3:1 հաշվով պարտության մատնեց Իսպանիայի ընտրանուն եւ ընդհուպ մոտեցավ առաջատարներին' Ադրբեջանի եւ Ռուսաստանի հավաքականներին: Առաջինը վաստակել է 11 միավոր, իսկ երկրորդը' 9: Մեր թիմը նույնպես իր ակտիվում ունի 9 միավոր, բայց լրացուցիչ ցուցանիշով առայժմ զիջում է Ռուսաստանին:
Նշենք, որ մեր հավաքականից հաղթանակներ տարան Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը, իսկ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղացին:
7-րդ տուրում մեր շախմատիստները կմրցեն ադրբեջանցիների հետ: Հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը միանշանակ կշրջանցի մրցակցին, քանի որ առաջ կանցնի ընդհանուր միավորների քանակով (ներկայումս կողմերն իրենց ակտիվում ունեն 15-ական միավոր):
Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը 8 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: Հերթական' 6-րդ տուրում, մեր շախմատիստուհիները խաղաղ դաշն կնքեցին Ֆրանսիայի թիմի հետ' 2:2: Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը հաղթեցին իրենց մրցակիցներին, իսկ Էլինա Դանիելյանն ու Սիրանուշ Անդրեասյանը պարտվեցին:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ռուսաստանի եւ Վրաստանի հավաքականները, որոնք վաստակել են 10-ական միավոր: 7-րդ տուրում մեր հավաքականը կհանդիպի 4-րդ հորիզոնականում գտնվող Ռումինիայի թիմի հետ: