Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Ի՞նչ շահ է հետապնդում նախարար Տիգրան Խաչատրյանը». ակցիա ԱԺ-ի մոտ (տեսանյութ)

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է։  Ակցիայի մասնակիցները  մեքենաների վրա փակցրել են «12000 դրամով բեռնափոխադրող չկա», «Ի՞նչ շահ է հետապնդում նախարար Տիգրան Խաչատրյանը» պաստառներ եւ  պահանջում են չընդունել ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք կիրառելու մասին օրինագիծը:

«Մի տարի է ցեմենտը սահմանին մաքսազերծվում է 100 հազար դրամ հսկիչ գնով, որը որ ոչ մի հաշվարկի, ոչ մի մեթոդաբանության չի ենթարկվում»,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ցուցարարը նշում է, որ ակցիայի նպատակն է, որպեսզի նախագիծը չընդունվի կամ հանվի քվեարկությունից և առկա խնդիրն ուսումնասիրվի։ Ոչ մի վարորդ, ըստ ցուցարարի,  12 հազար դրամով փոխադրում չի իրականացնի։

Եթե իրենց չհանդիպեն, ցուցարարները պատրաստ են ճանապարհը փակել։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ում գործող խոշոր շինարարական,ներմուծող և բեռնափոխադրող  կազմակերպությունները ներկայացուցիչները վաղ առավոտից հավաքվել են   ՀՀ ԱԺ-ի դիմաց։

«Մենք բազմաթիվ անգամներ նամակներ ենք հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝  տեղեկացնելով, որ ցեմենտի ներմուծման դեպքում տուրքի սահմանումը մենաշնորհային դիրք է տալու մեկ կազմակերպությանն, ինչը հանգեցնելու է ոլորտում բազմաթիվ կազմակերպությունների դուրսմղմանը, նաև իրազեկել ենք, որ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի առաջին ընթերցման ժամանակ պատգամավորները չեն քվեարկել «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելուն կողմ:

Առաջին ընթերցմամբ ԱԺ-ում քվեարկվելուց հետո ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ օրենքի խախտումներով ավելացվել է այդ կետը: Մենք բազմաթիվ փաստերով ցույց ենք տվել, որ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի կողմից ներկայացվում են կեղծ տվյալներ, օրենքի նախագիծ  ներկայացվում փնթի ձևով՝ առանց ուսումնասիրելու իրական վիճակը, փորձ է արվում բոլոր հնարավոր ձևերով՝ այդ թվում անօրինական, ԱԺ-ում անցկացնել ցեմենտի ներմուծման վրա տուրք սահմանելու օրենքի նախագիծը»,-ասված է նրանց նամակում։
Ուղիղ միացումը՝ 1in.am-ի