Հաղթեցին Իրանի հեծանվորդները
Աջակցիր «Ա1+»-ինԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացված միջազգային հեծանվավազքում հաղթեցին իրանցի մարզիկները:
Լոռվա մարզի Ալավերդի քաղաքում կազմակերպված «Բարեկամության կամուրջներ» անունը կրող բազմօրյա միջազգային հեծանվավազքին մասնակցեցին 4 երկրների 7 թիմեր. երեքը Հայաստանից, երկուսը` Իրանից, մեկական Վրաստանից եւ Մոլդովայից։ Երեք օր տեւած մրցավազքի արդյունքներով հաղթող դարձավ իրանցի հեծանվորդ Համեդ Ջանադը: Հաջորդ երեք տեղերը նույնպես զբաղեցրին Իրանի ներկայացուցիչները: Մեր մարզիկներից բոլորից բարձր արդյունք ցույց տվեց Արմեն Խառատյանը, որը գրավեց 6-րդ տեղը: Հավելենք, որ 1-10-րդ տեղերը գրաված հեծանվորդները դրամական պարգեւատրումներ ստացան:
Թիմային հաշվարկով առաջին տեղը բաժին հասավ Իրանի 1-ին հավաքականին: Երկրորդ ճանաչվեց Մոլդովայի, երրորդ` Հայաստանի 1-ին թիմը:
Ինչպես «Ա1+»-ի թղթակցին հաղորդեց Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Խաչատրյանը, մասնակիցներն ընդհանուր առմամբ գոհ մնացին հեծանվավազքից, բայց, միաժամանակ, երկու հարցի կապակցությամբ դժգոհություն արտահայտեցին: «Մասնակիցները նախ նշում էին, որ մրցատարածությունները բավականին կարճ էին միջազգային հեծանվավազքի համար (համապատասխանաբար 69, 71 եւ 72 կմ), ուստի մարզական առումով այն հետաքրքիր չստացվեց: Երկրորդ, մեր ճանապարհները դեռ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, ինչը դժվարություններ է ստեղծում մասնակիցների համար»: