Բացել լրահոսը Փակել լրահոսը
20190531_120950
A A
Հասարակություն

Էլեկտրոնային գլանակներն իրականում այլընտրանք չեն ծխախոտին, պարունակում են նույն խտանյութը. մասնագետ

Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ Առողջապահության նախարարությունը թեմայի հետ կապված հանդիպում էր կազմակերպել ոլորտի փորձագետների և բժիշկների հետ: Քննարկման հիմնական թեման էր «Ծխախոտը և թոքերի առողջությունը»: Այն միտված էր բարձրացնելու հասարակության իրազեկվածությունը ծխելու հնարավոր վտանգների մասին:

Ծխելը համարվում է հիվանդություն, սակայն այդպես չի ընկալվում: Բանախոս Արուս Հարությունյանը դա պայմանավորում է հասարակության մոտեցմամբ. Ըստ նրա՝ պետք է  զարգացնել  գիտակցական շերտը և աստիճանաբար հասնել դրա  լուծումներին:

«Օրինակ՝ եթե 100 մարդ որոշում է թողնել ծխելը, ապա 1 տարի անց միայն 5 մարդ է  հաջողում այդ գործում: Կարևորը չհանձնվելն  ու կրկին  փորձելն է»,-ասում է փորձագետ Արուս Հարությունյանը:

Ծխախոտը հոգեբանական և կենսաբանական կախվածություն է առաջացնում, այստեղ կարևոր է բժիշկների և հոգեբանների դերը: Անհրաժեշտ խորհրդատվության դեպքում հնարավոր է հրաժարվել ծխախոտ օգտագործելուց:

Վերջերս «Սոֆարմա» դեղատների ցանցը Հայաստան է ներմուծել դեղամիջոց, որը, ըստ բժիշկ Ալեքսանդր Բազարչյանի, հաջորդ օգնող միջոցն է, որի փոխարեն շատերը նախընտրում են օգտագործել էլեկտրոնային գլանակներ:

 «Ծխախոտին այլընտրանք առաջարկվող էլեկտրոնային գլանակներն իրականում այլընտրանք չեն, քանի որ դրանք պարունակում են նույն խտանյութը: Դրանց պատրաստման ձևերն են ուրիշ, բայց վնասակարությունը, այնուամենայնիվ, կա»,- ասում է Ալ. Բազարչյանը:

 Փորձագետները կողմ են առողջապահության նախարարության առաջարկած փոփոխություններին, և իրենք էլ են պատրաստվում առաջարկություններով հանդես գալ: Թեև ծրագիրը քննարկման փուլում է, նրանք վստահ են, որ այն դրական արդյունքներ է տալու:

Ծխախոտի կանխարգելմանն ուղղված ծրագրեր են մշակվում նաև կրթական հաստատություններում կիրառելու նպատակով: Համաշխարհային ուսումնասիրությունների համաձայն՝ ծխախոտ օգտագործելու սովորույթը սկսվում է դպրոցական տարիներից. դեռահասության շրջանում տղաներն սկսում են ծխել ինքնահաստատվելու համար, բայց որոշ ժամանակ անց, երբ ցանկանում են թողնել, չի ստացվում՝ ուժեղ կախվածության պատճառով: Ծրագրերը դեռ քննարկման փուլում են, որոնց վրա աշխատում են բժիշկները, հոգեբաններն ու փորձագետները: