Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ոռոգման ջուրը չի թանկացել. Ջրային կոմիտե

Արագածոտնի մարզի Արագածավան  համայնքի ջրօգտագործողների բողոքի ցույցի պահանջների հետ կապված, Ջրային կոմիտեն պարզաբանում է.

Ոռոգման ջրի սակագինն ավելի քան  տասը տարի անփոփոխ է,  ամբողջ հանրապետությունում 11դրամ՝ 1 խորանարդ մետրի համար, և օրակարգում` միջինացված այս սակագինը փոփոխելու հարց չկա: Չկա նաև լիտրով կամ այլ  տարբերակով գործող սակագին։ Գործող սակագինը ինքնարժեքից գրեթե կրկնակի ցածր է և տարբերությունը սուբսիդավորում է կառավարությունը:

Ոռոգման ստուգիչ  ջրաչափություն կարող է պահանջել յուրաքանչյուր ջրօգտագործող և ՋՕԸ պատասխանատուներն այն  պարտավոր են ապահովել:

Գործնականում կիրառվող՝ հեկտարի դիմաց ջրի վճարի հաշվարկը կատարվում է ըստ տվյալ տարածքի մշակաբույսերի նորմատիվային պահանջների, քանի որ, ելնելով մասնագիտական չափորոշիչներից, օրինակ, պտղատու ծառերը, պտուղ-բանջարեղենը կամ առվույտը ջրի տարբեր պահանջ ունեն: Այնպես որ, Արագածավանում կամ որևէ այլ համայնքում ոռոգման ջրի թանկացման հարց չկա և  չի կարող լինել, իսկ հեկտարի դիմաց ֆիքսված գումար վճարելու պարտադիր պայմանը նորմատիվն է ըստ մշակաբույսի՝ իր ջրապահանջով։

Արագածավան համայնքի հողերի մի մասը գերնորմատիվային է,  ինչը նշանակում է, որ այդ տարածքների ոռոգման ջրի պահանջարկը սովորականից ավելին է, հատկապես, եթե խոնավասեր կուլտուրաներ են մշակվում: Գերնորմատիվային հողերի՝ ջրի լրացուցիչ պահանջարկը այս և այլ համայնքներում բերում է լրացուցիչ ծախսերի, ինչն էլ արդարացիորեն հարուցում է ջրօգտագործողների դժգոհությունը: Սակայն, մեծ ծախսերից խուսափելու համար Ջրային կոմիտեն ժամանակ առ ժամանակ հորդորում է ջրօգտագործողներին՝  գյուղատնտեսի  խորհրդատվությունից օգտվել և նման  հողատարածքներում մշակաբույսերի ճիշտ ընտրություն կատարել: Սա լուրջ խնդիր է և համակողմանի լուծումների կարիք ունի:

Սակայն, տարիներ շարունակ այս խնդիրը մնում է և ի դեպ, ոռոգման  համակարգում կուտակված պարտքի մի զգալի մասն էլ ձևավորվում է գերնորմատիվային հողերի լրացուցիչ ոռոգման արդյունքում:

Գերնորմատիվային հողերի ոռոգման հարցը հիմնովին կարգավորելու նպատակով Ջրային կոմիտեն առաջարկությունների փաթեթ է կազմել ու ներկայացրել վերադաս նախարարություն, ինչից հետո կառավարության  համապատասխան որոշման  նախագիծ կմշակվի։

Այս մասին Ջրային կոմիտեի պատասխանատուները խոսել են նաև Արագածավանի և թիրախային այլ տարածքների ջրօգտագործողների հետ: Մեկ այլ առաջարկ էլ է ներկայացվել՝ ջրաչափության նկատմամբ անվստահությունը փարատելու համար. ջրօգտագործողների կողմից ընտրել վստահելի մարդկանց և հենց նրանց վերապահել ջրաչափությունը կամ այն  իրականացնել իրենց ներկայությամբ:

Եվս մեկ  նկատառում. ՋՕԸ-ները շահույթ չհետապնդող ընկերություններ են և ջրօգտագործողների վճարումները միմիայն  ծառայում են  համակարգի սպասարկմանն ու պահպանությանը, հետևաբար թերվճարումներն ուղիղ ազդում են ջրամատակարարման ապահովությանը։

Ջրային կոմիտեի նախագահը, տեղակալը բազմիցս հանդիպել, խոսել են ցուցարարների հետ, պարզաբանումներ տվել, քննարկել բարձրացված հարցերը, մանրամասն իրազեկել իրականացվող քայլերի մասին։

Ջրային կոմիտեն հորդորում է ջրօգտագործողներին՝ խնդիրների լուծման  համար ընտրել քննարկման, երկխոսությամբ լուծումներ գտնելու, ինչպես նաև ամենօրյա աշխատանքով քայլ առ քայլ առաջ գնալու ճանապարհը և վստահեցնում, որ միշտ ջրօգտագործողի կողքին են և բարեփոխումներ են իրականացվում` համակարգն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Հ.Գ. Տեղեկացնենք նաև, որ Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը քիչ առաջ է վերադարձել Արագածավանից, որտեղ կրկին բանակցել է ջրօգտագործողների հետ, փոխհամաձայնություն է ձեռք բերվել և ճանապարհը բացվել է:

 

 

Ջրային կոմիտեի լրատվական  ծառայություն