Բացել լրահոսը Փակել լրահոսը
Arsen Suren
A A
Հասարակություն

Սուրեն Սահակյանը պատասխանել է Արսեն Ջուլֆալակյանին

«Քաղաքացու որոշում» կուսակցության Գերագույն մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը երեկ կուսակցության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են դիմել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ կապված, քանի որ նրա հայտարարագրում որևէ կերպ արտացոլված չէ, թե որևէ սրճարանում բաժնեմաս ունի։

Դրան ի պատասխան, Ջուլֆալակյանը «Ֆակտոր» լրատվականի հետ հարցազրույցում նշել էր, որ սրճարանի իր մասնաբաժինը հանձանժողովի հայտարարագրերի ռեեստրում ներկայացված է,  որպես հասարակական նշանակության շինություն: Պատգամավորը տարօրինակ էր համարել «Քաղաքացու որոշում» կուսակցության այս քայլը, ինչպես նաև ասել էր, որ այլևս այդ սրճարանից մասնաբաժին չունի, այլևս համասեփականատեր չէ և այդ հարցով զբաղվող անձն անիմաստ ժամանակ է կորցնելու։ «Ուղղակի, կցանկանայի, որ խոսելուց առաջ փաստերը ավելի ճիշտ ֆիքսեն, հետո նոր խոսեն»,- ընդգծել էր նա։

Ի պատասխան «Իմ քայլը» պատգամավորի որոշ պնդումներին, Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրառում է կատարել՝ նշելով, որ միամտություն կլինի կարծել, թե տարբեր ինստիտուտներին դիմելու իր դրդապատճառը ազատ ժամանակ լրացնելն է։

«Ո՛չ ես, ո՛չ,  մեր կուսակցությունից որևէ մեկը մանրադիտակի տակ չենք առել 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների ունեցվածքը, դրանց համապատասխանությունը ներկայացված հայտարարագրերին։ Դա այլ կառույցների ու համակարգերի գործառույթն է։ Թե՛ Գագիկ Ծառուկյանի, թե՛ պարոն Ջուլֆալակյանի դեպքում հենց իրենք են այդպիսի առիթ տվել՝ տարբեր խառը պատմությունների մեջ ընկնելով և առաջին հայացքից իրարամերժ հայտարարություններ հնչեցնելով»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ Ջուլֆալակյանի դեպքում դիմել են հանձնաժողով, սպասել են  23 օր ու դեռևս չեն ստացել հետաքրքրող հարցերի պատասխանները։

ՔՈ քարտուղարը նաև հղում է կատարել «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածին, որտեղ նշված է, որ  «Պատգամավորական մանդատն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է` …3) դուրս գալ առևտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման»։ ՔՈ գործիչը նշել է, որ Ջուլֆալակյանը մանդատը ստացել է 2019թ հունվարի 10-ին, սակայն դատելով պատգամավորի ֆեյսբուքյան գրառումից՝ մայիսի 6-ի դրությամբ այդ մասնաբաժինը դեռևս հավատարմագրային կառավարման հանձնված չի եղել և ստիպված զբաղվել է դրա կառավարման հարցերով։ «Ինչի արդյունքում էլ հայտնվել էր այդ աղմկոտ պատմության կենտրոնում»,- շեշտել է Սահակյանը։

Անդրադառնալով Ջուլֆալակյան հրապարակային հայտարարություններին, թե վերջինս, լինելով սրճարանի համասեփականատեր, եղել է պասիվ ներդրող, սեփականության իրեն պատկանող մասը վարձով է տվել՝ Սահակյանը նշել է, որ դատելով պատգամավորի ֆեյսբուքյան գրառումից՝ իրերի այս դրությունը շարունակվել է, առնվազն, մինչև 2019թ մայիսի 6-ը, սակայն 2019 թ․փետրվարի 14-ին ներկայացրած հայտարարագրում այդպիսի բաժնեմասի կամ ներդրման մասին ոչ մի տեղեկություն չկա կամ այդ տեղեկությունը փակ է։

Նշենք, որ Ջուլֆալակյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում տեղադրված հայտարարագրում նշված է.  «Հասարակական նշանակության շինությունը (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը)»: