Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի թիմերը' հետապնդողի դերում

Սպորտ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում թիմերն արդեն անցկացրել են 4-ական հանդիպումներ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց Ռումինիայի ընտրանուն, սակայն երրորդում զիջեց Սերբիայի 1-ին թիմին' 1,5:2,5: Երեկ մեր շախմատիստները վստահ հաղթեցին Սերբիայի 2-րդ թիմին' 3:1, եւ վաստակելով 6 միավոր, ներկայումս զբաղեցնում են 7-րդ տեղը: Այսօր մեր հավաքականը ուժերը կչափի 3-րդ տեղում ընթացող Ֆրանսիայի թիմի հետ:

Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Վրաստանի եւ Ադրբեջանի հավաքականները, որոնք առայժմ միմիայն հաղթանակներ են տոնել: 5-րդ տուրում կողմերը կհանդիպեն միմյանց հետ:

Հայաստանի կանանց հավաքականը չորս տուրից հետո նույնպես վաստակել է 6 միավոր, բայց զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Մեր շախմատիստուհիները 2-րդ եւ 3-րդ տուրերում միեւնույն 3:1 հաշվով պարտության մատնեցին համապատասխանաբար Սլովենիայի եւ Լեհաստանի թիմերին, բայց 4-րդում զիջեցին Վրաստանի ուժեղ հավաքականին' 1,5:2,5: Վերջինս 8 միավորով միանձյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի 2-րդ տեղում գտնվող Ադրբեջանի ընտրանու հետ: