Երեք հեռացում մեկ րոպեում
Աջակցիր «Ա1+»-ինԹե ինչպիսի բարքեր ու կարգեր են տիրում մեր ֆուտբոլում, հերթական անգամ երեւաց երեկ ՀՀ առաջնության բարձրագույն խմբի 26-րդ տուրի «Ուլիս» - «Միկա» խաղի վերջում:
Հանդիպման 87-րդ րոպեին, երբ «Միկայի» բրազիլացի պաշտպան Ալեքսը հավասարացրեց հաշիվը' 2:2, նա բավական բուռն նշեց իր ուրախությունը: Դա դուր չեկավ «Ուլիսի» պահեստայիններին, որոնք սկսեցին բացատրություն պահանջել բրազիլացուց:
Հանդիպման գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանը այդ պահն ուշ նկատեց, ուստի դիմեց 4-րդ պաշտոնյայի օգնությանը: Խորհրդակցելուց հետո նա նախ կարմիր քարտ ցույց տվեց Ալեքսին, ապա ուլիսցի Կարեն Մուրադյանին, որը արդեն փոխարինվել էր: Քիչ անց մրցավարը դաշտից հեռացրեց նաեւ դաշտի տերերի հարձակվող Արթուր Քոչարյանին, որը պատրաստվում էր գնդակը մտցնել խաղի մեջ:
Իսկ ահա «Միկայի» երկրպագուհիներից մեկն իջնելով ներքեւ' սկսեց բողոքել մրցավարությունից, ընդ որում այնպես բուռն, որ թվում էր, թե նա ցանկանում է մտնել խաղադաշտ եւ ...: Ինչպես հետո պարզվեց, դժգոհող երկրպագուհին Ալեքսի կինն էր:
Ցավոք, կրքերն այդպիսով չհանդարտվեցին: Երբ խաղի ավարտից հետո թիմերը գնում էին հանդերձարաններ, ընդհարում տեղի ունեցավ ոստիկանների եւ մի քանի երկրպագուների միջեւ: Բայց հետաքրքիրն այն էր, որ ոստիկաններից մեկն բարձրաձայն պահանջում էր բաժանմունք տանել ոչ թե երկրպագուներին, այլ ... «Ուլիսի» գլխավոր մարզչին, իսկ թե ինչու, այդպես էլ չպարզվեց:
Խաղից հետո «Միկայի» գլխավոր մարզիչ Բաբկեն Մելիքյանն ասաց, որ մեր ֆուտբոլային կուլտուրան դեռեւս ցածր է: «Ընդհանրապես, երբ լարված պահեր են ստեղծվում խաղի ժամանակ, մրցավարները ձգտում են հանգստացնել ֆուտբոլիստներին: Ինքնին, մեղավորները պետք է պատժվեն, սակայն եթե դրանք տեղին են լինում», - եզրակացրեց Բաբկեն Մելիքյանը:
26-րդ տուր
«Արարատ» - «Բանանց» 1:1
«Փյունիկ» - «Գանձասար» 7:0
«Կիլիկիա» - «Շիրակ» 2:0
«Ուլիս» - «Միկա» 2:2
Մրցաշարային աղյուսակ
Խ Մ
1. Փյունիկ 26 59
2. Միկա 26 55
3. Ուլիս 26 47
4. Բանանց 26 43
5. Գանձասար 26 35
6. Շիրակ 26 23
7. Կիլիկիա 26 19
8. Արարատ 26 11