Կանանց ֆուտբոլի օրեր Երեւանում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը առաջիկ օրերին կհյուրընկալի իր խմբի առաջատարին ու ետնապահին:
Հոկտեմբերի 24-ին եւ 28-ին աշխարհի 2011 թ առաջնության ընտրական փուլում իր հերթական հանդիպումները կանցկացնի ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը:
Վաղը մեր ֆուտբոլիստուհիները Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալեն Իտալիայի թիմին: Խաղի սկիզբը ժամը 15:00-ին: Իտալուհիները ներկայումս գլխավորում են եվրոպական գոտու ընտրական 7-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Նրանք անցկացրած երկու խաղերում էլ հաղթանակ են տարել, մրցակիցների դարպասը խփել 10 գոլ, իսկ սեփականը անառիկ են պահել:
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պիետրո Ջեդինը երեւանյան խաղին նախապատրաստվելու համար հավաքական է հրավիրել 20 ֆուտբոլիստուհի, որոնցից երկուսը' դարպասապահ Աննա Մարիա Պիկարելին եւ կիսապաշտպան Պամելա Կոնտին հանդես են գալիս արտասահմանյան ակումբներում: Թիմի կորիզը հիմնականում կազմում են երկրի վերջին երեք տարիների չեմպիոն «Բարդոլինոյի» խաղացողները: Մասնավորապես' թիմի հարձակվող Պատրիսիո Պանիկոն վերջին 5 մրցաշրջաններում դարձել է Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու:
Հոկտեմբերի 28-ին մեր հավաքականն իր հարկի տակ ուժերը կչափի արդեն խմբի ետնապահ Սլովենիայի ընտրանու հետ, որը իր անցկացրած միակ խաղում 0:8 հաշվով պարտվել է հենց Իտալիայի ազգային թիմին: Այս խաղը նույնպես կսկսի ժամը 15:00-ին: