Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բազմօրյա հեծանվավազք Հայաստանում

Սպորտ

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի միջազգային հեծանվավազք:

Այսօր Ալավերդիում (Լոռու մարզ) կմեկնարկի «Բարեկամության կամուրջներ» անունը կրող բազմօրյա միջազգային հեծանվավազքը։ Ինչպես «Ա1+»-ի թղթակցին հաղորդեց Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին, մրցումները կընթանան երեք փուլով։ Առաջին օրը հեծանվորդները եզրագիծը կհատեն Ախթալայում, երկրորդ օրը' Օձունում, իսկ երրորդ օրը' Հաղպատում։

Մրցավազքին կմասնակցեն հայկական երեք, վրացական երկու և իրանական մեկ թիմ, ինչպես նաեւ երկու հեծանվորդ Մոլդովայից։ Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիան հրավերներ էր ուղարկել նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի ֆեդերացիաներին, սակայն դրանք հրաժարվել են մասնակցությունից, քանի որ արդեն նախնական պայմանավորվածություն ունեին այլ միջազգային մրցաշարերի կազմակերպիչների հետ:

Ինչպես տեղեկացրեց Ալեքսանդր Բերեզովսկին, հեծանվավազքի պարգեւատրման հիմնադրամը կկազմի ընդամենը 3000 ամերիկյան դոլար: «Սա մեր առաջին փորձն է Հայաստանում անցկացնել բազմօրյա հեծանվավազք: Մենք դեռեւս չունենք մշտական հովանավորներ, իսկ հեծանվասպորտը բավական թանկ մարզաձեւ է: Սակայն մենք ցանկանում ենք քաղաքակիրթ ձեւով համագործակցել պոտենցիալ հովանավորների հետ, այլ ոչ թե լոկ գումարներ խնդրենք դրանցից», - վերջում ասաց ֆեդերացիայի նախագահը, որը, ինչպես հայտնի է, մեր ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու եղբայրն է, բացի այդ նա նախկինում երկար տարիներ զբաղվել է հեծանվասպորտով:

Նշենք, որ սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին միջազգային բազմօրյա հեծանվավազքն է։