Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծորակից ջուր խմելը' երազանք»

Մարզեր

Արդեն  քսան տարեկան  գյուղը  ջրացանց  չունի: Եղեգնավանի գյուղապետ  Հրայր Ղազարյանը  «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ գյուղը գլխավոր ջրատար խողովակից  գտնվում  է  7 կմ  հեռավորության  վրա, եւ  այն դեռ այդքան  հնարավորություն  չունի մագիստրալից  ջրախողովակներով ջուր  մատակարարելու:

«Այս  հարցը   պետք  է  լուծվեր  «Հազարամյակների  մարտահրավեր»  ծրագրի  շրջանակներում, բայց  համաշխարհային  ճգնաժամի   պատճառով  գործը  սառեցվել է: Այժմ  աշխատում ենք քառամյա ծրագրի վրա, որտեղ քննարկվելու է ոչ միայն խմելու  ջրի  հարցը, այլեւ  խոսվելու  է այլ  խնդիրների' մանկապարտեզի  վերանորագման, փողոցների  ասֆալտապատման  մասին»,- ասաց  նա:

Մինչ այս ծրագիրը կյանքի կկոչվի, գյուղում  շարունակում են մոտակա Զոդ քաղաքից ավտոմեքենաներով ջուր բերել ու վաճառել:

Եղեգնավանի  բնակիչ  տիկին  Նաիրայի վստահեցմամբ' 10 լիտր  տարողությամբ  մեկ  դույլ  ջուրն  արժե  40  դրամ. «Երկու  օրվա  համար  ես գնում  եմ  40  լիտր   ջուր, բայց  կան  մարդիկ, որ  ավելի  շատ են  ջուր  գնում: Ճիշտ է, մեր  օրերում  ջուրը  չեն  գնում, բայց  էլի  գոհ  եմ, որ  գոնե  վաճառում են»:

Իսկ  Եղեգնավանի մեկ այլ բնակչուհի Լաուրան էլ բողոքեց . «Ծորակից  ջուր  խմելը   մեզ համար  երազանք  է: Արդեն  10 000  դրամ  պարտք  եմ  ջուր  վաճառողին, չգիտեմ՝   նորից  առանց  փող  կտա՞   ջուր»:

Այն  հարցին, թե արդյոք 2014 թ.-ին (այդ  ժամանակ  է ավարտվում քառամյա  ծրագրի աշխատանքները-խմբ.) Եղեգնավան գյուղի  բնակիչները  խմելու  ջրի  խնդիր  չե՞ն  ունենա, գյուղապետ Հրայր Ղազարյանը  պատասխանեց. «Չգիտեմ,  ես  կոմպետենտ  չեմ»: