Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկը հնարավոր է փակվի
Աջակցիր «Ա1+»-ինԱզատազրկված անձանց խնդիրների մեծ մասը կապված է բուժսպասարկման և առողջության խնդիրների հետ։ 2018 թվականին արդարադատության նախարարություն ուղարկված 43 գրությունների մեծ մասը կապված է եղել հենց այս խնդիրների հետ. նշում է Prison Monitoring Group դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը։
Քրակատարողական հիմնարկի խցերը անհավասար պայմաններ ունեն՝ մի խուցը եվրովերանորոգված է, իսկ մյուսում տիրում է խոնավություն, գարշահոտություն և հաճախ հանդիպում են նաև խավարասերներ. նշեց դիտորդների խմբի անդամ Սերգեյ Գաբրիելյանը,ավելացնելով, որ վերջերս Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում նույնասեռական անձը ինքնավնասում է կատարել, սակայն այցի ժամանակ պարզ է դարձել, որ անձը բժշկական միջամտություն չի ստացել։ Դիտորդի հավաստմամբ, դեպքի պատճառը եղել է այն, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը ծնողին ներկայացրել է ազատազրկված անձի սեռական կողմնորոշման մասին։
Անդրադառնալով հնչող խնդիրներին Արդարադատույան նախարարության աշխատակից Արփի Սարգսյանը նշեց, որ նախարարը կառավարության նիստի ժամանակ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի փակման հարցն է բարձրացրել, որը մոտ ապագայում պետք է իրականացվի։
Դիտորդների խմբի անդամ, փաստաբան Արա Ղարագյոզյանը պատասխանեց. «Եթե նախարարը հայտարարել է, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկը պետք է փակվի, ապա ինչո՞ւ է այնտեղ վերանորոգման աշխատանքներ սկսվել։ Սա հիմք է տալիս մտածելու, որ այդ հիմնարկը մոտակա ժամանակ չի փակվելու»։
Դիտորդների խմբի անդամ Սերգեյ Գաբրիելյանը նշեց, որ նախկինում Արդարադատության նախարարությունը «գոնե ձևական» համագործակցել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ անցկացնելով սեմինար դասընթացներ և տարբեր հանդիպումներ։ Սակայն, երբ վերջերս դիմել է նախարարությանը, որ մասնակցեն մարդու իրավունքների պաշտպանության, նույնասեռականության, սեռական կողմնորոշման և դաստիարակության դասընթացներին, պատասխան է ստացել, որ շատ աշխատանք ունեն և չեն կարող քննարկումներին մասնակցել։
Արփի Սարգսյանը հակադարձելով, դիտորդների խմբի անդամին, նշեց, որ չի հիշում, որ երբևէ նախարարությունը հրավեր ստացած լինի, խոստանալով այսուհետ հետամուտ լինել։