Առաջինը սկսեց կանանց հավաքականը
Աջակցիր «Ա1+»-ինՏղամարդկանց հավաքականը մի փոքր ուշ կսկսի նախապատրաստվել աշխարհի առաջնությանը:
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը, որի կազմում ընդգրկված են Մելինե Դալուզյանը (մինչեւ 63 կգ քաշային կարգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ) արդեն սկսել է նախապատրաստությունը նոյեմբերի 19-29-ը հարավկորեական Կոյան քաղաքում կայանալիք աշխարհի մեծահասակների առաջնությանը:
Այդ մասին «Ա1+»-ի թղթակցին ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանը: Մեր թիմը ներկայումս գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Գյումրիում, որի ավարտից հետո այն կշարունակի Ֆեոդոսիայում:
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հոկտեմբերի 26-ից մինչեւ նոյեմբերի 6-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Մեր թիմը երկրորդ հավաքը կանցկացնի Ռուսաստանի Պոդոլսկ քաղաքում: Դրանց կմասնակցեն 5 ծանրորդներ. Առաքել Միրզոյան (69 կգ), Տիգրան Գ. Մարտիրոսյան (77 կգ), Տիգրան Վ. Մարտիրոսյան, Գեւորգ Պողոսյան (երկուսն էլ 85 կգ) եւ Արթուր Բաբայան (105 կգ): Ավաղ, բացակայում է 77 կգ քաշային, 2008 թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Գեւորգ Դավթյանը, որը ծնկի վնասվածք ունի: Թիմի գլխավոր մարզիչն է Աշոտ Մխիթարյանը: Նոյեմբերի 17-ին Հայաստանի հավաքականները Մոսկվայից կմեկնեն մրցավայր:
Մեր այն հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված մեր ծանրորդների աննախադեպ հաջողությունները վերջերս Լեհաստանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (3 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ), Փաշիկ Ալավերդյանն ասաց. «Դա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի կողմից տարվող հետեւողական աշխատանքի արդյունքն էր: Մեր երիտասարդ ծանրորդները տարվա սկզբից սկսած անցկացրել են բազմաթիվ ուսումնամարզական հավաքներ, մասնակցել միջազգային մրցաշարերի: Նրանք մարզումներ են անցկացրել նաեւ մեծահասակների հետ: Հենց այդ պատճառով էլ երիտասարդական հավաքականին Լեհաստան տարավ մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը: Ինքս համոզված էի, որ մեդալներ կլինեն, քանի որ մեր ծանրորդների ցույց տված նախնական արդյունքները հուսադրող էին»: