Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկում է Եվրոպայի թիմային առաջնությունը

Սպորտ

Շախմատի Հայաստանի եւ տղամարդկանց, եւ կանանց հավաքականները մրցանակային տեղերի հավակնորդների թվում են:

Այսօր Սերբիայի Նովի Սադ քաղաքում կմեկնարկի շախմատի Եվրոպայի կանանց 8-րդ եւ տղամարդկանց 17-րդ թիմային առաջնությունները: Առաջինին կմասնակցեն 28 երկրների թիմեր, երկրորդին' 38: Առաջնությունները կանցկացվեն շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Եվրոպայի նորընծա չեմպիոնները հայտնի կդառնան հոկտեմբերի 30-ին: Դա նշանակում է, որ առաջնությունը կանցկացվի առանց ընդմիջման: Մրցաշարի պարգեւատրման հիմնադրամը կազմում է 60 հազար եվրո:

Հայաստանի տղամարդկանց հավաքականում հանդես կգան գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Առաջին տուրում մեր թիմը, որը իր միջին վարկանիշով (2703) երրորդն է առաջնությունում, կհանդիպի Դանիայի հավաքականի հետ:

Հայաստանի կանանց հավաքականում ընդգրկված են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը եւ Սիրանույշ Անդրեասյանը: Մեր հավաքականն իր միջին վարկանիշով (2398) 5-րդն է առաջնությունում: Այսօր մեր շախմատիստուհիները ուժերը կչափեն Իտալիայի հավաքականի հետ:

Նշենք, որ մեր տղամարդկանց թիմը մեկ անգամ նվաճել է աշխարհամասի չեմպիոնի կոչումը (1999 թ, Սմբատ Լպուտյան, Արտաշես Մինասյան, Աշոտ Անաստասյան, Լեւոն Արոնյան եւ Արշակ Պետրոսյան կազմով), մեկական անգամ զբաղեցրել 2-րդ (2007 թ) եւ 3-րդ (1997 թ) տեղերը: Հայ շախմատիստուհիները եւս մեկ անգամ դարձել են Եվրոպայի չեմպիոն (2003 թ, Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Նելլի Աղինյան կազմով), ինչպես նաեւ բրոնզե մրցանակակիր (2007 թ):