Տանը առյուծներ են, իսկ դրսում...
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը զարմացած է իր սաների թույլ տված սխալների վրա:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը չկարողացավ հաղաթահարել Եվրոպայի 2010 թ պատանեկան առաջնության որակավորման 1-ին փուլի արգելքը' պարտություն կրելով բոլոր երեք հանդիպումներում (Ավստրիայից' 1:5, Շոտլանդիայից' 1:6, Ռումինիայից' 0:1):
Մեր այդ տարիքային հավաքականի գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանն թիմի անհաջող ելույթներն նախեւառաջ բացատրում է իր սաների կողմից թույլ տված տարրական սխալներով: «Առաջին երկու խաղերի ժամանակ մեր դարպասապահն ու պաշտպանները պարզ իրավիճակներում այնպիսի սխալներ էին թույլ տալիս, որ զարմանալ կարելի էր: Օրինակ, Ավստրիայի հետ խաղին, երբ մենք կրճատեցինք հաշվի տարբերությունը եւ անընհատ գրոհում էինք, մեր դարպասապահը կոպիտ սխալ թույլ տվեց եւ անտեղի գոլ բաց թողեց, ինչը հոգեբանորեն ազդեց մնացած ֆուտբոլիստների խաղի վրա: Զարմանալի չէ, որ խաղից հետո ավստրիացիների գլխավոր մարզիչն ինձ խոստովանեց, որ երբ հաշիվը 2:1 էր, ինքն անընդհատ մտածում էր, թե երբ է ավարտվելու խաղը, քանի որ խաղային առավելությունը լիովին անցել էր մրցակցին: Ցավոք, խաղի վերջին րոպեներին տղաները պարզապես կանգնեցին եւ մրցակիցը մեկ րոպեում եւս երկու գոլ խփեց»:
Սեւադա Արզումանյանն իր սաների կողմից թույլ տված սխալները բացատրում է միջազգային խաղերի փորձի բացակայությամբ: «Եթե մենք մինչեւ ընտրական փուլի սկիզբը 6-8 ընկերական հանդիպում անցկացնեինք նման մակարդակի հավաքականների հետ, ապա նախապես կիմանայինք, թե որ ֆուտբոլիստի հետ ինչպիսի անհատական աշխատանք է հարկավոր տանել, ինչ թերություններ կան թիմի խաղում եւ ինչպես շտկել դրանք մինչեւ մրցաշարի մեկնարկը: Տղաների մի մասը Հայաստանի առաջնության խաղերում այնպիսի համարձակ խաղ են ցուցադրում, որ կարծես, առյուծներ լինեն, իսկ ահա միջազգային խաղերի ժամանակ նրանք մի տեսակ անվստահ էին գործում եւ ավելի շատ անփորձ ու վախկոտ կորյունի տպավորություն էին թողնում»:
Հավաքականի գլխավոր մարզիչը, այնուամենայնիվ, հավատացած է, որ իր սաները ժամանակի ընթացքում կկարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները եւ գնալով ավելի համարձակ ֆուտբոլ կցուցադրեն: «Հուսադրողն այն է, որ տղաները բոլոր խաղերում էլ պայքարեցին մինչեւ վերջին պահը, ձգտեցին ոչնչով չզիջել մրցակիցներին: Սակայն այդ հանդիպումները միաժամանակ ցույց տվեցին, որ մենք անտեղի գոլեր ենք բաց թողում, եւ հակառակը, գոլային ռեալ պահերը չեն կարողանում իրացնել»: