Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik bananc
A A
Սպորտ

«Փյունիկն» ու «Բանանցը» խաղաղությամբ բաժանվեցին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 33-րդ տուրի կենտրոնական խաղում մրցաշարի առաջատար «Փյունիկը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց 3-րդ տեղում գտնվող «Բանանցի» հետ:

Ավանի ակադեմիայում կայացած հանդիպման առաջին խաղակեսում դարպասները մնացին անառիկ, իսկ երկրորդում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: Նախ, 47-րդ րոպեին Արթուր Միրանյանը առաջ մղեց փյունիկցիներին, իսկ ութ րոպե անց Կարեն Մելքոնյանը հավասարեցրեց  հաշիվը՝ 1:1:

«Բանանցը» խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով, քանի որ թիմի պաշտպան Ռոբերտ Դարբինյանը 85-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց խաղադաշտից:

Այս ոչ-ոքիից հետո «Փյունիկը» վաստակեց 56 միավոր եւ պահպանեց առաջատարի իր դիրքը: Նրան հաջորդող «Արարատ-Արմենիան» ետ է մնում 4 միավորով, սակայն թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Բանանցը», որը նույնպես լրացուցիչ խաղ ունի անցկացնելու, 51 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը:

Հավելենք, որ զուգահեռ կայացած «Ալաշկերտ» - «Շիրակ» խաղն ավարտվեց դաշտի տերերի նվազագույն հաշվով հաղթանակով: Միակ գոլը 73-րդ րոպեին խփեց բրազիլացի Գուստավո Մարմենտինին: «Ալաշկերտը» վաստակելով 49 միավոր, տեսականորեն շարունակում է չեմպիոնի կոչման համար պայքարը: