Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo
A A
Հասարակություն

Ստեղծվել է Սուրեն Գյանջումյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով

Հայ մշակութասեր հանրությունը անդառնալի կորուստ կրեց: 
2019 թ. մայիսի 14-ին կյանքից հեռացավ հայ պարարվեստի մեծ երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության վարչության անդամ, պարուսույց, բալետմայստեր Սուրեն Հովհաննեսի Գյանջումյանը: 
Ծնվել է 1932 թվականին Երևանում: 

Որպես մենապարող հանդես է եկել Երվանդ Սահարունու անվան երգի-պարի անսամբլի կազմում` Վանյա Ղարիբյանի ղեկավարությամբ: 1957 թվականին Երևանի էլեկտրական ճշգրիտ սարքերի գործարանում հիմնում է ժողովրդական պարի համույթ: 1958 թվականին Երևանի առևտրի տանը ստեղծում է մանկապատանեկան և երիտասարդական պարային համույթներ, որոնք  ղեկավարում է մինչև 1983 թվականը: 

1965 թվականին Սուրեն Գյանջումյանը հիմնադրում է Ժողովրդական կոլեկտիվ «Կանազ» պարային համույթը, որի համբավն ու ճանաչումը մեծապես կապված է եղել բալետմայստերի ակտիվ ստեղծագործական գործունեության հետ: 

Ս. Գյանջումյանի ղեկավարությամբ «Կանազ» պարային անսամբլը մասնակցել է աշխարհի ավելի քան երեք տասնյակ երկրներում՝ բազմիցս արժանանալով բարձրագույն պարգևների: 
1966-1971 թվականներին Սուրեն Գյանջումյանն ընդունվում և հեռակա կարգով ավարտում է Սանկտ Պետերբուրգի պարուսույցների արհմիութենական բարձրագույն դպրոցը: Այդ նույն տարիներին հմուտ և բանիմաց պարուսույցն աշխատում է նաև Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում որպես ռիթմիկայի և պլաստիկայի պարուսույց-մանկավարժ: 

1967-1971 թվականներին փորձառու բալետմայստերը Երևանի երկաթուղայինների մշակույթի պալատում հիմնում է ժողովրդական պարի անսամբլ, իսկ 1973 թվականին հիմնում և ղեկավարում է «Գարուն» մանկապատանեկան համույթը: Համույթում բեմադրում է երկու տասնյակի հասնող պարային համարներ: 

1974 թվականին Սուրեն Գյանջումյանին շնորհվում է Խորհրդային Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկրի պատվավոր կոչում: 1975 թվականին Սուրեն Գյանջումյանին շնորհվել է ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: 

1993 թվականին Ս. Գյանջումյանի բեմադրությունները Իտալիայի Ագրիջենտոյի միջազգային պարերի մրցույթներին նվաճել են համերաշխության և հավատարմության «Ոսկե տաճար» մրցանակը: 
2009 թվականից Ս. Գյանջումյանը դասավանդում էր Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Պարարվեստի մանկավարժության ամբիոնում: 

2004 թվականին Ս. Գյանջումյանին շնորհվում է Երևանի պատվավոր  քաղաքացու բարձր կոչումը: 
2007 թվականին Ս. Գյանջումյանին շնորհվում է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում: 
Սուրեն Գյանջումյանը ազգային պարարվեստի անխոնջ պահապաններից էր,  հայկական ժողովրդական պարարվեստի պարուսուցման զարգացման և տարածման նվիրյալ:

Նա առաջիններից էր, ով ստեղծեց ազգային պարաշարժումների կայուն համակարգ և ներդրեց պարուսուցման նոր մեթոդներ: Սուրեն Գյանջումյանի պարուսուցման դպրոցի ավանդույթների կրողներն ու շարունակողները այսօր մշակութային լայնածավալ գործունեություն են իրականացնում Ամերիկայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իրանում և հայաշատ այլ գաղթօջախներում: 
Սուրեն Գյանջումյանը բոլորի հուշերում կմնա որպես մեծ արվեստագետ, պարի տաղանդավոր վարպետ և մեծ մանկավարժ, հայկական ազգային պարարվեստի երախտավոր: 

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սուրեն Գյանջումյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով
Սուրեն Գյանջումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս. թ. մայիսի 15-ին, ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Վերջին հրաժեշտը` մայիսի 16-ին, ժամը 11:00-13:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: