Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Աննախադեպ թվով հայտեր «ՄԷԿ ԿԱԴՐ» փառատոնի համար

«ՄԷԿ ԿԱԴՐ» 17-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի ստացել է աննախադեպ թվով հայտեր: Փառատոնին մասնակցելու համար ներկայացվել է 752 ֆիլմ Հայաստանից և արտերկրից:

 

Ընտրական փուլի արդյունքներով, փառատոնի մրցույթային անվանակարգերում կցուցադրվի 97 ֆիլմ: «ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ» անվանակարգում կներկայացվի 53 ֆիլմ, որից 23-ը կներկայացնի Հայաստանը,  «ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ» անվանակարգում՝ 30 ֆիլմ, որից 8-ը՝ Հայաստանը, իսկ «ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ»  անվանակարգում՝ 14 ֆիլմ, որից Հայաստանը կներկայացնեն 3-ը:

«ՄԷԿ ԿԱԴՐ» փառատոնի հիմնադիր նախագահ Գագիկ Ղազարէն ասում է, որ այս տարի շատ ակտիվ էր մասնակցությունը թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից:

Փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել ռեժիսորներ աշխարհի 27 երկրներից:

«Փառատոնն իսկապես ճանաչելի է: Կարող ենք ասել, որ կարճամետրաժ կինոն սկսում է ավելի հավակնոտ լինել, հայ երիտասարդ ռեժիսորները սկսում են հաստատել իրենց կարճամետրաժ կինոյում: Մեկ կադր մեկ րոպե անվակարգում սերնդափոխություն է տեղի ունենում: Նոր, ավելի երիտասարդ սերունդ է գալիս, որը  հետաքրքված է այս անվանակարգով: Եթե մենք նախկինում պետք է խրախուսեինք, բացատրեինք, թե ինչ է «Մեկ կադր մեկի րոպե» ֆորմատը, հիմա ինքնաբերաբար այն ընկալվում է, այսինքն ինքը դարձել է գործիք վիզուալ նյութ արտադրելու համար »,-ասում է Գագիկ Ղազարէն:

Փառատոնի հիմնադիրը շեշտում է, որ շատ մեծ է նաև կին ռեժիսորների մասնակցությունը «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային փառատոնին. «Բավականին շատ հայտեր ենք ստացել հայ կինոռեժիսորներից և այդ ակտիվության մեջ նաև որակ կա»: 

Ի տարբերություն նախորդ տարիների՝ փառատոնի այս տարվա առաձնահատկություներից մեկը «ԶՐՈ ԲՅՈՒՋԵ» նոր անվանակարգն է, որին հայտագրվել է 12 նախագիծ, որից էլ 6-ը կմասնակցի փիթչին:

«ՄԷԿ ԿԱԴՐ» փառատոնի միջազգային կապի պատասխանատու և «ԶՐՈ ԲՅՈՒՋԵ» անվանակարգի համակարգող Արթուր Սուքիասյանն ասում է, որ «ԶՐՈ ԲՅՈՒՋԵ» անվանակարգը այս տարի երկու ուղղությամբ է  լինելու. կինոարտադրություն և հետարտադրական փուլում գտնվող մինչև 15 րոպե տևողությամբ ֆիլմեր:

«Այս անվանակարգին դիմած կինոնախագծերի թեմաները ներառում էին և՛ սոցիալական ուղղվածություն, և՛ կանանց իրավունքներ, և՛ կային շատ սինեմատիկ նախագծեր: Մենք սպասում էինք, որ վավերագրական ֆիլմերի ռեժիսորներն ակտիվ կլինեն, բայց այս անվանակարգի համար խաղարկային ֆիլմի ռեժիսորներն ավելի ակտիվ էին: Կլինի փիթչ, ժյուրին լսելու է բոլոր անցած 6 նախագծերը և որոշելու՝ մե՞կ նախագծի է գնալու մրցանակային ֆոնդի գումարը, թե՞ բաշխվելու է տարբեր նախագծերի միջև»,-ընդգծում է Արթուր Սուքիասյանը:

Տեղեկացնենք, որ «ԶՐՈ ԲՅՈՒՋԵ» անվանակարգում մեկնարկային մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն. ՀՀ դրամ: Ֆիլմարտադրության հարթակի գործարկումը հնարավոր է դարձել ՀՀ Մշակույթի նախարարության՝ այս տարվա աջակցության շնորհիվ: 

«Քանի որ Հայաստամում կինոարտադրությունը զրոյական վիճակում է, մատների վրա կարելի է հաշվել այն հարթակները, որտեղ ռեժիսորները կարող են  գնալ, ներկայցնել իրենց ֆիլմերի նախագծերն ու ռեալիզացնել: Ուստի՝ ցանկացած կինոփառատոն չի կարող լոկ  ֆիլմեր ցույց տալու հարթակ լինել, պետք է ունենաս նաև կինոարտադրության հարթակ, որն ուղղված է  ապագային»,-հավելում է Արթուր Սուքիասյանը:

Գագիկ Ղազարէն շեշտում է, որ այս տարի ֆանտաստիկ, կինեմատոգրաֆիկ ձեռագրով գործեր կան:

«Իսկապես այս տարի շատ հարուստ ծրագիր է լինելու և մենք խրախուսում ենք, որ գան նայեն ֆիլմերը փառատոնի շրջանակում: Առանձնահատկություններից մեկը նաև այն է, որ այս տարի, հատկապես՝ կարճ ֆիլմերի անվանակարգի համար, ժյուրիի կազմում կինոմասնագետներ են ներգրավված արտերկրից: Սա լավ հնարավորություն է մեր տեղացի մասնակիցների համար ներգրավվելու դեբատներին, շփվելու այդ մարդկանց հետ և ծանոթություններ ձեռք բերելու»,-ասում է Գագիկ Ղազարէն:

«ՄԷԿ ԿԱԴՐ» 17-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը տեղի է ունենալու 2019 թ. հունիսի 5-11-ը Երևանում՝ Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում:

ՄԷԿ ԿԱԴՐ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը բաց կինոհարթակ է, որը հիմնադրվել է 2003 թ.-ին: Խորհրդանիշը Հայաստանի Գեղամա լեռներում գտնված 5000-ամյա ժայռապատկերից վերակերտված բրոնզաձույլ արձանիկն է: