Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» ջախջախեց «Արարատին»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 25-րդ տուրում մրցաշարի առաջատար Երեւանի «Փյունիկը» սեփական հարկի տակ պարզապես ջախջախեց անցած տարվա փոխչեմպիոն «Արարատին»' 6:0: Դաշտի տերերի կազմում աչքի ընկան միայն երիտասարդ ֆուտբոլիստները' Ալբերտ Թադևոսյանը, Դավիթ Մանոյանը, Արթուր եւ Արտակ Եդիգարյանները (2-ական անգամ): Այս հաղթանակից հետո «Փյունիկը» շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տեղում ընթացող «Միկան» իր հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց մրցանակային 3-րդ տեղի համար պայքար մղող «Բանանցին»: Խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին հյուրերի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր թիմի պարտությունը բացատրեց նրանով, որ մրցակցի դարպասապահը բավական վստահ խաղ ցուցադրեց եւ թույլ չտվեց իր ֆուտբոլիստներին օգտագործել գոլային պահերը: Դաշտի տերերի գլխավոր մարզիչ Բաբկեն Մելիքյանը ասաց, որ չնայած հանդիպման հաշվին, խաղը բավական լարված ստացվեց: «Միգուցե ես ներքուստ լարված վիճակում էի գտնվում, ուստի խաղը նման տպավորություն թողեց, սակայն ինքս պայքար տեսա երկու թիմերի խաղում», - եզրակացրեց նա: Այդպիսով, «Միկան» շարունակում է հետապնդել առաջնության առաջատար «Փյունիկին»:

3-րդ տեղը զբաղեցնելու հերթական լուրջ հայտը ներկայացրեց «Ուլիսը», որը հյուրընկալվելիս ի հաշիվ խփած մեկ գոլի հաղթեց «Շիրակին»' 1:0, եւ կրկին 4 միավորով առաջ անցավ «Բանանցից»: Տուրի չորրորդ խաղում Կապանի «Գանձասարը» խոշոր 4:1 հաշվով պարտության մատնեց «Կիլիկիային»:

Մրցաշարային աղյուսակ

                                Խ           Գ      Մ

1. Փյունիկ                  25        50-12  56

2. Միկա                     25        55-27  54

3. Ուլիս                     25        39-19  46

4. Բանանց                 25         36-24  42

5. Գանձասար             25        26-36  35

6. Շիրակ                    25        22-46  23

7. Կիլիկիա                 25        18-48  16

8. Արարատ                 25        14-48  10

Ռմբարկուներ

13 - Բոտի Դեմել (Միկա)

13 - Արթուր Քոչարյան (Ուլիս)

11 - Հենրիխ Մխիթարյան (Փյունիկ)